«Երբ վարչապետն այցելեց, անկյունում ձողին ամրացված դրոշը կեղտոտ վիճակում էր»,- այսօր լրագրողների հետ զրույցում պատմեց Նորագավիթի մաքսատան աշխատակիցը՝ անդրադառնալով վարչապետի այցի ընթացքում գրանցված միջադեպին: Միևնույն ժամանակ նա նկատեց, որ Մաքսային ծառայությունը նոր է տեղափոխվել այս շենք, և գույքը պատկանում է ոստիկանությանը, որի մի ստորաբաժանում էլ նախկինում զբաղեցրել է շենքը։

«Այդ դրոշը ժամանակին շենքի վերևն էր ամրացված, շենքը մի ամիս է, ինչ հատկացվել է մաքսայինին, այս շենքում նախկինում ոստիկանության բաժանմունքն էր նստում, դրոշը Մաքսայինինը չէ, այլ ոստիկանության գույքն է»,- ասաց նա։

Մաքսայինի աշխատակիցը նաև պատմեց, որ աշխատակիցները միշտ չէ, որ լինում են տվյալ աշխատասենյակում։

«Այսօր 2 հոգով ենք եղել, բայց կարող է մի հոգի կամ 3 հոգի լինել․ պայմանավորված է ծանրաբեռնվածությամբ։  Կարող են նաև սենյակում չլինել և դրսում ունենալ աշխատանք»,- շարունակեց աշխատակիցը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Նորագավիթի մաքսատուն՝ տեղում ծանոթանալու մաքսատան հնարավորություններին: Նա, տեսնելով տարածքի ոչ մաքուր վիճակը, ինչպես նաև ՀՀ պետական խորհրդանիշ դրոշը մի անկյունում նետված, հայտարարել էր. «ՊԵԿ-ում պարգևավճարը կրճատեք ու տարածքը մաքրեք, իսկ ովքեր այս սենյակում աշխատել են դրոշի այս պայմաններում, բոլորը հեռացվեն աշխատանքից»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել