Այսօր ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տոների և հիշատակի մասին օրենքում փոփոխություններ անելու մասին» Կառավարության ներկայացրած նախագիծը, ըստ որի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես քաղաքացու օր: Նախագծին կողմ քվեարկեց 97, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 6 պատգամավոր:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց՝ եթե օրը համընկնի մայիսի 1-ի հետ, «Քաղաքացու օրը» կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

Հիշեցնենք, որ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, երեկ Ազգային ժողովում ներկայացնելով նախագիծը, ասել էր, որ տոն սահմանելու անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով: 

Ըստ նրա՝ ստեղծված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությամբ օրեր շարունակ հազարավոր քաղաքացիներ ցույցերի և երթերի ձևով իրենց պահանջներն էին ներկայացնում իշխանություններին: Համաժողովրդական շարժման արդյունքը եղավ ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել