«Ապրիլի 8-ին Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հերթական հանդիպումը անցել է առանց անակնկալ կամ սենսացիոն հայտարարությունների, թեև երկու նախագահները արձանագրել են երկկողմ հարաբերության կայուն աճն ու խոսել նաև ռազմա-տեխնիկական գործակցության հետագա խորացման մասին: Ռուս-թուրքական հարաբերությունը, սակայն, հայկական դիտանկյունից սենսացիաներով կամ դրանց բացակայությամբ չէ, որ պետք է գնահատվի կամ չափվի: Առավել ևս, որ, այդուհանդերձ, եթե ոչ սենսացիայի, ապա առնվազն անակնկալ զարգացումների մասին խոսելու հիմքեր առկա են, առնվազն դիտարկման մակարդակում:

Խոսքն այն մասին է, թե արդյո՞ք ռուս-թուրքական գործակցությունը կարող է հանգեցնել Թուրքիա-Արևմուտք այն աստիճանի ճգնաժամի, որ Անկարան ի վերջո դնի ՆԱՏՕ անդամակցությունը դադարեցնելու հարց, կամ այդ հարցը դնի Բրյուսելը, կամ Վաշինգտոնը: Առավել ևս, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը արդեն արել է կամ-կամ-ի մասին հայտարարություն: Այն, որ ռուս-թուրքական խորացող հարաբերությունը Հայաստանի համար վտանգավոր է պատմականորեն, դա վաղուց ամենևին նորություն չէ: Սակայն այդ համատեքստում Թուրքիա-ՆԱՏՕ կամ ԱՄՆ-Թուրքիա հարաբերության ճգնաժամը լիովին նոր իրավիճակ է բերում նաև ռուս-թուրքական հարաբերության առումով, և այստեղ Հայաստանի համար էլ ստեղծվում է բոլորովին այլ իրավիճակ՝ թե՛ ռուս-թուրքական հարաբերության զարգացումները գնահատելու տեսանկյունից, թե՛ ռեգիոնալ իրողությունները:

Այս համատեքստում հատկանշական է, որ լայն տրանսֆորմացիոն միտումները տեղի են ունենում Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման համատեքստում, որտեղ առանցքային հարցերից մեկը դառնում է հենց դա՝ ինչպես գնահատել ռուս-թուրքական հարաբերությունը Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության համատեքստում: Ընդ որում, դա ոչ միայն տեսական ուղղություն չէ, այլ գործնականում ազգային անվտանգության առանցքը՝ հաշվի առնելով այն, որ ռուս-թուրքական հարաբերությունը կառուցվում է Հայաստանի, ընդհանրապես Կովկասում հայկական գործոնի կենսական շահերը չեզոքացնելու միտված 1921 թվականի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի տրամաբանությամբ: Համենայնդեպս, առայժմ այդ տրամաբանությունը ոչ միայն չի փոխվել, այլ կողմերը հավատարմություն են հայտնում դրան:

Հասկանալի է, որ իրական քաղաքականության ռեժիմում կարող են լինել մարտավարական հակոտնյա քայլեր, մասնավորապես ռուսական կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի խնդիրը, որ հատկապես ցցուն է Ապրիլյան քառօրյայից հետո և ավելացել է թավշյա հեղափոխությամբ, լեգիտիմ իշխանության ձևավորումով և մի շարք հայտարարություններով, որոնք քաղաքական պատասխանատվության փաստն են դնում ՌԴ առաջ:

Բայց խոսքը, ի վերջո, ռազմավարության գնահատումների մասին է, ըստ այդմ՝ հարցը Հայաստանի նոր ռազմավարության տեսանկյունից առնվազն արդիական է այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանից չի ստացվել ռազմավարական այլ ազդակ՝ ավանդական, ռուս-թուրքական հարաբերության վրա կառուցված տրամաբանությունից դուրս գալու մասին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել