168.am-ը գրում է.

«Ասպարեզ» ակումբի հիմնադիր-ղեկավար Լևոն Բարսեղյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԱԱԾ-ին տված ՀՀ վարչապետի հանձնարարությանը, այն է՝ հակահարված տալ մանիպուլյացիաներ տարածողներին, նկատեց, որ կնախընտրեր, որպեսզի վարչապետը չունենար այդ ելույթը կամ ելույթի այդ հատվածը։

«Կարծում եմ՝ ինչ հանձնարարություն էլ տա վարչապետը, իրավապահ մարմինները պետք է առաջնորդվեն միայն ու միայն օրենքով։ Փաշինյանն իր ելույթի մեջ մեկ օրինակ շոշափեց՝ նշելով ազգային անվտանգության խնդիրը։ Շատ հնարավոր է, որ կեղծ անվան տակ հանդես եկող ինչ-որ մեկը կամ մի քանիսը կարող են այնպիսի հայտարարություններ անեն, որը կսպառնա ազգային անվտանգությանը։ Իրավապահները, անկախ վարչապետի հանձնարարականից, պետք է դրանով զբաղվեն։ Հարկավոր է՝ իրավապահներն ուշադիր լինեն և իրենց գործառույթները իրականացնեն միայն օրենքի սահմաններում»,- ասաց Լ. Բարսեղյանը։

Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով, եթե խոսքը վերաբերում է ատելության խոսքին, ապա Քրեական օրենսգիրքը շատ քիչ հնարավորություն է տալիս ազատ խոսքի կոնտեքստում հանցագործություն փնտրել՝ սուտ մատնություն, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը, և այլն։

«Մենք տարիներ շարունակ ասել ենք, որ ազատ խոսքն ավելի լավ է պահպանվի ինքնակարգավորման դաշտում և քաղիրավական հարաբերություններում, և թող քրեական հետապնդման մարմիններն այդ դաշտ չմտնեն, առավել ևս՝ ԱԱԾ-ն, որոնց գործունեությունը գաղտնի է պահվում»,- շեշտեց Արա Ղազարյանը։

Նրա կարծիքով՝ պայքարի այս նախաձեռնությունը դժվար թե ունենա հաջողություն, ուստի պետք է պայքարի այլ մեթոդ ընտրել, այլ ոչ թե նման կոշտ ձևով մտնել դաշտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել