168.am-ը գրում է.

Վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ միջազգային ներդրողները գալիս են իր մոտ և ասում, թե դատի կտան Հայաստանին, ու զարմանում են, որ վարչապետն իրենցից չի վախենում: Գուցե գովելի է, որ վարչապետը չի վախենում: Բայց վարչապետի բոլորովին չանհանգստանալն առնվազն անհանգստության առիթ պետք է լինի հասարակության համար: Նախ՝ վարչապետը խոսում էր հոգնակիով, հետևաբար՝ կարելի է ենթադրել, որ առնվազն մի քանի միջազգային ներդրող է նման բան ասել: Այդ ի՞նչ տնտեսական հեղափոխություն է, որի արդյունքում ներդրողները հերթով սպառնում են միջազգային դատարանով: Ուրեմն` համարում են, որ իրենց իրավունքները խախտվել են: Եվ սա առնվազն անհանգստանալու, ոչ թե՝ հպարտանալու առիթ է:

Երկրորդ, մեկ խոշոր ներդրող՝ «Լիդիան» ընկերությունը, հրապարակավ հայտարարեց, որ, եթե խնդիրը չլուծվի, ապա կգնա միջազգային արբիտրաժ: Այս հայտարարությունը դիտարկվեց՝ որպես սպառնալիք: Իրականում, ինչպես մեզ տված հարցազրույցում պարզաբանել էր միջազգային իրավունքի մասնագետը, հայտարարություն անելն ընթացակարգային պահանջ է՝ դատարան դիմելուց առաջ, ոչ թե սպառնալիք, ու առնվազն անհանգստացնող է, որ կառավարության անդամներն այս մասին տեղյակ չեն: Ամուլսարի շուրջ արդեն գրեթե մեկ տարի ձգվող անհասկանալի վիճակի մանրամասներին չանդրադառնանք: Փաստենք միայն, որ խտրականությունն ապացուցելը բարդ չի լինի։ Դատեք ինքներդ. Հայաստանն ունի մեկ տասնյակ մետաղական հանք, բայց միայն Ամուլսարի դեպքում է կառավարությունը միջազգային փորձաքննություն անցկացնում՝ հարկատուներիս գրպանից 400 հազար դոլար վճարելով:

Ամուլսարն ունի ՎԶԵԲ-ի նման բաժնետեր, ու դատարանում դժվար կլինի ապացուցել, որ ՎԶԵԲ-ի չափանիշերին չհետևող հանքերը Հայաստանում մտահոգության տեղիք չեն տալիս, իսկ Ամուլսարը, որը ՎԶԵԲ չափանիշերով է կառուցվել, մտահոգում է կառավարությանը: Ու որքան էլ «չվախենանք» այս հարցադրումներից, մենք, որպես հասարակություն, պետք է գոնե մտահոգվենք:

Այս առիթով արժե ուսումնասիրել, օրինակ, Վենեսուելայի պատմությունը: Հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսն ազգայնական ալիքի վրա 2009-2011 թվականներին լիցենզիայից զրկեց մի քանի միջազգային հանքարդյունաբերական ընկերությունների: Այսպես, կանադական Cristallex ընկերությանը՝ 300 միլիոն դոլարի ներդրում անելուց հետո, Վենեսուելայի բնապահպանության նախարարությունը զրկեց շահագործման լիցենզիայից՝ «բնապահպանական մտահոգությունների» պատրվակով: Կանադական հանքարդյունաբերողը դիմեց միջազգային արբիտրաժ: 2016-ին միջազգային դատարանը Վենեսուելայի դեմ 1,2 միլիարդ դոլարի որոշում կայացրեց:

Մեկ այլ կանադական հանքարդյունաբերողի՝ Gold Reserv-ին, Վենեսուելայի կառավարությունը զրկեց նախկինում տրված թույլտվությունից: Հետաքրքիր է, որ այս դեպքում նույնիսկ շինարարություն դեռևս չէր արվել, ու չնայած դրան՝ միջազգային արբիտրաժային դատարանը 2015-ին որոշում կայացրեց հոգուտ Gold Reserve-ի՝ պարտադրելով Վենեսուելային 750 միլիոն դոլարի տուգանք:

2011թ. Չավեսի կառավարությունը լիցենզիայից զրկեց մեկ այլ կանադական հանքարդյունաբերական ընկերության՝ Rusoro-ին, այս անգամ՝ ընկերությանը պատկանող երկու ոսկու հանքերի ազգայնացման «հայրենասիրական» հանրային պահանջի պատրվակով: 2016թ. միջազգային դատարանը որոշում կայացրեց հօգուտ Rusoro-ի՝ Վենեսուելայի կառավարությանը պարտադրելով 1,3 միլիարդ դոլարի փոխհատուցում:

Ուշադրության արժանի է, որ այս դեպքերից և ոչ մեկում բնապահպանական ոչ մի փաստարկ չի աշխատել հօգուտ Վենեսուելայի կառավարության: Իսկապես, դժվար է պատկերացնել, որ վենեսուելացի էքսպերտները կարող էին կանադական հանքարդյունաբերողների նախագծերում բնապահպանական բացթողում գտնել: Մի բան է՝ «բնապահպանական աղետի» մասին հարցազրույցներ տալը, մեկ այլ բան է՝ այդ փաստարկը դատարանում ապացուցելը:

Օրերս հայ ակտիվիստներից մեկը «սփոփել» էր հանրությանը, թե՝ մի՛ անհանգստացեք, արբիտրաժը մի քանի տարի կտևի: Իսկապես, վերը նշված բոլոր դատական քննությունները տևել են 4-6 տարի: Բայց երկրի տնտեսական կոլապսը սկսվել է դատական որոշումների կայացումից տարիներ առաջ։ Երբ մի քանի միջազգային ներդրող դիմեցին միջազգային արբիտրաժ, 2010 թվականին միայն մեկ տարվա ընթացքում Վենեսուելայի օտարերկրյա ներդրումները 4,5 միլիարդ դոլարի անկում ապրեցին: Նավթով ու բնական պաշարներով գերհարուստ Վենեսուելայում հաջորդ տարիներին գրեթե ոչ մի ներդրում չեղավ:

Վենեսուելան չէր կարողանում արդյունահանել սեփական նավթը, քանի որ ներդրող չուներ: Մեկը մյուսի հետևից սկսեցին փակվել բիզնեսներ, կալանքի տակ վերցվեցին Վենեսուելայի՝ երկրից դուրս գտնվող ունեցվածքն ու հաշիվները: Սա զուգորդվեց Վենեսուելայի դեմ քաղաքական պատժամիջոցներով: Երկրում սկսվեց ճգնաժամ ու սննդի պակաս: Երկրի տնտեսական ու քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս:

Վենեսուելայում բնակչության 90 տոկոսն աղքատության շեմին է, 3 միլիոն մարդ արտագաղթել է այս տարիներին, ու Վենեսուելան դարձել է առաջատարը հանցագործությունների թվի աճով: Ի դեպ, Ուգո Չավեսը մահացավ 2013-ին, ու այդպես էլ չտեսավ արբիտրաժի ոչ մի որոշում: Բայց նրա ու նրան հաջորդած մերձավորի՝ նախագահ Մադուրոյի կայացրած որոշումների պտուղները վենեսուելցիները քաղում են մինչ օրս: Հիշեցնենք, որ խոսքը մի երկրի մասին է, որ գերհարուստ է թե՛ հանքային, թե՛ նավթային պաշարներով: Բայց նավթն ու հանքն արդյունահանելու համար ներդրողներ են պետք, իսկ ներդրողները չեն գալիս այն երկրներ, որտեղ ներդրողին կարող են իրավունքներից զրկել՝ ըստ հայեցողության:

Անկեղծ ասած, այսպիսի ու նույնիսկ սրան մի քիչ նման հեռանկարից պետք է վախենալ: Վախենալը ոչ միայն ամոթ չէ, այլև առնվազն անպատասխանատու է չվախենալը: Հատկապես, երբ հարևան երկիրը շարունակում է զենք գնել ոչ թե՝ վարկով, այլ՝ սեփական նավթի ու գազի ռեսուրսների մեջ օտարերկրյա ներդրումներ ներգրավելով: Իսկ մենք շարունակում ենք ներդրողին «ասֆալտին փռել» ու մնում ենք աճող պետական պարտքի հույսին: Սրանից արժե անհանգստանալ ու նույնիսկ վախենալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել