168.am-ը գրում է․

«Մենք խոսում ենք «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնության մասին, որի էությունը բնավ Ադրբեջանի կանանց դիմելը չէ։ Դա հընթացս տեղի ունեցավ։ Մենք դիմում ենք ոչ թե Ադրբեջանի կանանց, այլ ըստ էության դիմում ենք Ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված բոլոր երկրներին, կողմերին և միջնորդություն իրականացնող երկրներին։ Մեր կոչը նրանց մեկն է ընդամենը, որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվի անբեկանելիորեն, որպեսզի չսպանեն սահմանը պահող երիտասարդ զինվորներին՝ ինչպես հայկական կողմից, այնպես էլ՝ Ադրբեջանի կողմից։

Այսինքն՝ մեր նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն է և նրանց ուղղակի չզոհաբերելը հանուն ոչնչի, որովհետև հակամարտության պատմության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետև ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը մեզ չեն մոտեցրել հակամարտության կարգավորմանը, եթե չասենք, որ հեռացրել են կարգավորումից, որովհետև պարզ բան է, հայտնի ճշմարտություն է, որ թշնամանքի մթնոլորտում չենք կարող խաղաղություն կառուցել, չենք կարող հակամարտության լուծում գտնել»,- ԱՄՆ կատարած իր շրջագայության ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում՝ հավելելով, որ այս նախաձեռնության միակ իմաստը կյանքեր խնայելն է երկու կողմից էլ։

Նա նշել է նաև, որ Ադրբեջանի կանանց իրենք ընդամենը հորդորել են, որ իրենք էլ իրենց հերթին՝ կոչ անեն իրենց ղեկավարությանը երբևէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլում չդիմել ուժի կիրառմանը և չդիմել պատերազմի։

«Որովհետև բացի այն, որ կանայք իրավունք ունեն այդ հորդորն ուղղել տղամարդկանց՝ որպես մայր, որպեսզի խնայեն իրենց որդիների կյանքը, նաև կյանքը ցույց տվեց, իրադարձությունները ցույց տվեցին, որ փորձ արվեց Ադրբեջանի կողմից դիմել ուժի կիրառման, պատերազմ հրահրվեց, որը կրկին չավարտվեց ոչնչով, և նրանց պատկերացումներն իրականություն չդարձան, և այդ դեպքում նույնպես մենք ունեցանք ուղղակի զոհեր, որոնք ոչնչի չօգնեցին, ինչն անթույլատրելի է պարզապես։

Եվ ես հույս ունեմ, որ ադրբեջանցի կանայք նույնպես կարձագանքեն, և իրենք էլ իրենց հերթին՝ կոչ կանեն հակամարտող կողմերին, իրենց ղեկավարությանը՝ երբևէ չդիմել զենքի ուժին, փոխարենը՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ, ինչն արդեն, բարեբախտաբար, վերականգնվել է, բանակցային գործընթացը, և իրենց ուժը չափեն բանակցությունների սեղանի շուրջ և հարցի լուծումը փորձեն բերել իրենց գաղափարներով և ոչ թե՝ երիտասարդ կյանքեր խլելով»,- մանրամասնել է ՀՀ վարչապետի տիկինը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել