Աշխարհից մեծ պատերազմի հոտ է գալիս։ Շահելու են նրանք, ովքեր արդեն պատերազմում են։ Նաև մենք ենք շահելու, միայն թե պարտավոր ենք ամեն օր պատրաստվել պատերազմի։

Եվրոպական կամ արևմտյան քաղաքակրթությունը, որ հարյուրամյակներ ի վեր հզոր գաղութատիրությունների ձևով (նուրբ ասած) տիրել է ողջ աշխարհին, այսօր փիլիսոփայական-գաղափարական սնանկության ու աշխարհաքաղաքական ներփակման սինդրոմ է ապրում, որն արտահայտվում է անգլիական բրեքսիթի, ֆրանսիական դեղին բաճկոնավորների հեղափոխության, բելգիական, շվեդական կամ իսլամացված այլ քաղաքների ճչացող ճգնաժամերով։ Եվրոպան երեկվա պատերազմող Եվրոպան չէ։ Եթե որևէ մեկը որոշի այն գրավել, հավաստիաացնում եմ Ձեզ, որ մատը մատին խփող չի լինի պաշտպանություն կազմակերպելու առումով, ինչպես չպաշտպանեցին Վրաստանին ու Ուկրաինային։ Հիշեք գեներալ Լեբեդին, ով 1999 թ․ հունիսին մեկ վաշտով ՆԱՏՕ-ի քթի տակ գրավեց Պրիշտինայի օդանավակայանը։ Քսան տարի է անցել արդեն, ու ծերուկը կարծես պարպվել, կորցրել է հարձակվելու ունակությունը։

Փոխարենը Ռուսաստանն է սրել ատամներն ու, աշխարհի կեսի անունը «Ռուսական» դրած, փորձում է վերականգնել կորցրածը, սակայն փոխարենը վճարելով մեկուսացմամբ ու տնտեսության բլոկադայով։ Ռուսաստանին այս վիճակը ավելի հոգեհարազատ է, քան գորբաչովյան հեղհեղուկ վերակառուցումն ու ելցինյան աշխարհաքաղաքական դիրքերը զիջող բանդիտական օլիգարխիան։ Նոր պատերազմ է տենչում ԱՄՆ-ը, որը վախենում է Սիրիան, Աբխազիան, Ղրիմը նվաճած Ռուսաստանից ու նրա ռազմական հզորացումից։

Քանի դեռ այս երկուսը վիճում են, Չինաստանը զինվում է ու տնտեսապես հզորանում։ Տարեկան 7 տոկոս տնտեսության աճը ամենաբարձրն է այս ակումբում։ ԱՄՆ-ը մնացել է մենակ, որովհետև նրանց սատելիտները կռվելու գրեթե ընդունակ չեն։

Պատերազմ են տենչում արաբներն ու աշխարհի կեսը ներկում են կանաչ Խալիֆաթի գույներով, թուրքերը, որոնք երազում Օսմանյան կայսրությունն են վերականգնել, հրեաները, որոնք Հարավային Ուկրաինայի ու Ղրիմի վրա աչք ունեն, ու այսպես շարունակ։

Ադրբեջանի, Վրաստանի ու բալականյան երկրների մասին էլ չեմ ասում։

Հարաբերությունները սուր են Հնդկաստանի ու Պակիստանի, Հնդկաստանի ու Չինաստանի միջև։

Ռուսաստանի դարավոր ախոյան Մեծ Բրիտանիան կարծես զգում է աշխարհաբեմից իր ի չիք դառնալը և ապարդյուն փորձում է դուրս գալ միացյալ Եվրոպայից։ Գերմանիան, որ խորամանկորեն վերականգնել է Երրորդ Ռեյխն առանց մի կաթիլ արյուն թափելու, սակայն տնտեսապես իրեն է ենթարկել ողջ Եվրոպան, դարձել է ԱՄՆ-ի զայրույթի թիրախը։ Ազգությամբ գերմանացի Թրամփը որոշել է քանդել նաև միացյալ Եվրոպան ու Գերմանիայի հեգեմոնիան։ Ամերիկան ՆԱՏՕ-ի գործոնը դարձրել է Եվրոպային սաստելու ու հսկելու միջոց։ Գերմանիան թպրտալու տեղ չունի, ու եթե չենթարկվի ԱՄՆ-ին, կընկնի սանկցիաների տակ ու կկորցնի իր ղեկավարող դերը։

Ռուսաստանն այնքան ժամանակ է ուժեղ լինելու, որքան ուժեղ լիդեր կունենա։ Բավական է հայտնվի մեկը Մեդվեդևի նման, սկսվելու է սեպարատիզմի մի նոր շքերթ, ինչը մեզ համար ցանկալի չէ, որովհետև չափավորված Ռուսաստանն ասիական մայրցամաքի զսպաշապիկն է ու թրքալեզուների միավորումը կանխարգելող ուժը։ Չնայած, սա էլ է ժամանակի հարց։

Գրեթե բոլոր տեղերում տղայական մակարդակի իշխանություններ են, որոնք արդեն մի քանի տարի իրար հայհոյում ու մկաններն են ցուցադրում։ Սա հասունացող պատերազմի նշան է։ Հաղթելու է նա, ում ջղերը ամուր են, այսինքն՝ մենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել