168.am-ը գրում է.

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան հանդես են եկել միմյանց հաջորդող ռազմատենչ հայտարարություններով։

Մեհրիբան Ալիևան վստահեցրել է, որ Արցախում՝ Արցախի յուրաքանչյուր գյուղում ծածանվելու է Ադրբեջանի դրոշը, իսկ Զ. Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկացած պահի պատրաստ է սկսել պատերազմ։

Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարություններին, նկատեց՝ Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ նման հայտարարություններ է անում, և ոչ էլ այդ հայտարարությունները վերջինը կլինեն։

«Մենք նման հայտարարություններին հանգիստ, բայց միևնույն ժամանակ՝ պետք է լուրջ վերաբերվենք և անենք ամեն ինչ, որպեսզի մեր բանակը միշտ ուժեղ լինի, մենք էլ՝ համախմբված ու հզոր։ Միայն սա է գրավականը, որ այդ հայտարարությունները կարող են մնալ լոկ հայտարարություններ»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Ինչ վերաբերում է Արցախում ադրբեջանական դրոշներ ծածանելու՝ Մեհրիբան Ալիևայի ցանկությանը, Դավիթ Բաբայանը նշեց, դրա համար միայն երկու տարբերակ կա:

«Առաջինը՝ ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը, որից հետո կարող են դեսպանատուն բացել կամ հյուպատոսական ծառայություն։ Երկրորդը՝ որպես ռազմագերիներ, իրենց դրոշների հետ կքայլեն մեր հրապարակում՝ մեր հաղթական շքերթի ժամանակ, այլ տարբերակ չկա։ Եթե Ալիևան, լինելով նաև կին, նման հայտարարություններ է անում, մենք կարող ենք իմանալ և պատկերացնել, թե այդ երկրում ինչպիսի բարդ հոգեբանական վիճակ է, որտեղ ֆաշիզմը, փաստորեն, պետական գաղափարախոսություն է, և այն ներթափանցված է կանանց, երեխաների և բոլորի մեջ։ Սա շատ վատ է, և նման երկրները վատ վախճան են ունենում»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։

Հարցին՝ Ադրբեջանի ղեկավար կազմի ռազմատենչ հայտարարություններին զուգահեռ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը խոսում է երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին, իսկ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանն իրականացնում է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը, արդյո՞ք այդ ամենն անիմաստ չէ, Դավիթ Բաբայանը պատասխանեց.

«Չեմ կարծում, որ անիմաստ է, քանի որ երկար ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի Ադրբեջանն իր հիվանդագին ու ինքնակործան գաղափարախոսությունից, հայատյացությունից հրաժարվի։ Պետք է շարունակենք տարբեր մեխանիզմներ օգտագործել և հասկանանք մեկ բան՝ ինչ էլ լինի, կարևորագույն խնդիրը մեր մարտունակության բարձր պահելն է և ճիշտ քաղաքականության վարումը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել