168.am-ը գրում է.

Թթվասերների բաղադրության վերաբերյալ «Սուր անկյուն» հաղորդաշարի բարձրաձայնված խնդրից հետո Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սկսել է պետական վերահսկողության միջոցառումներ անցկացնում թթվասերի շուկայում:

Մասնավորապես՝ թթվասերում բուսական յուղի առկայությունը պարզելու նպատակով, լաբորատոր փորձաքննության է հանձնվել Երևանի խոշոր իրացման ցանցերից («Երևան Սիթի», «Էվրիկա գրուպ», «Նոր Զովք», «Տիտան», «Սաս Գրուպ») հսկիչ գնման միջոցով նմուշառված հետևյալ 16 ապրանքանիշի թթվասեր՝ «Էջմիածին կաթ» (20%), «Մարիլա» (18%), «Թամարա» (18%), «Թամարա և Անի Մասլովնա» (18%), «Մուլտի Ագրո» (18%), «Չանախ» (Պրեզիդենտ, 30%), «Մարիաննա» (18%), «Մարիաննա» (բիոթթվասեր 10%), «Մարիաննա» (15%), «Բոնիլատ» (17%), «Բիոկաթ» (20%), «Աշտարակ» (կովիկ,13%), «Բանդիվան կաթ (18%), «Աշտարակ» (դասական, 18%), «Չանախ» (20%), «Արզնի կաթ» (20%):

Համաձայն ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձարկման արձանագրությունների՝ նմուշառված արտադրատեսակներից 5-ը՝

«Սմետանա Մասլովնա» (18%)` արտադրող՝ «Թամարա և Անի» ՍՊԸ, (արտադրության օրը՝ 28.03.19թ., պիտանի է մինչև՝ 07.04.19թ.),
թթվասեր 18%-ոց` արտադրող՝ «Մուլտի Ագրո» ԳԱԿ ՍՊԸ, (արտադրության օրը՝ 27.03.19թ., պիտանի է մինչև՝ 03.04.19թ.),
«Կովիկ» (13%) արտադրող՝ «Պարգև» ՍՊԸ, (արտադրության օրը՝ 28.03.19թ., պիտանի է մինչև՝ 06.04.19թ.),
թթվասեր 18%-ոց` արտադրող՝ «Պարգև» ՍՊԸ, (արտադրության օրը՝ 28.03.19թ., պիտանի է մինչև՝ 06.04.19թ.),
թթվասեր 18%-ոց` արտադրող՝ «Բանդիվան կաթ» ՍՊԸ (արտադրության օրը՝ 28.03.19թ., պիտանի է մինչև՝ 04.04.19թ.),
ճարպաթթվային կազմով (բուսական յուղի առկայության ցուցանիշով) չեն համապատասխանել ՄՄ ՏԿ 033/2013-ով սահմանված «թթվասեր» ապրանքատեսակի բնութագրին և անվանմանը:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 12 մասի, տվյալ ապրանքատեսակները համարվում են կեղծված սննդամթերք:

Կեղծված է համարվում այն սննդամթերքը`

որի բաղադրությունը փոփոխվել է առանց մակնշման համապատասխան փոփոխության,
որի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության,
որին ավելացվել են այլ նյութեր կամ վերամշակվել է այլ նյութերի ներառմամբ` սննդամթերքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին թաքցնելու նպատակով,
որի մակնշման մեջ առկա է ոչ ճիշտ նշում սննդամթերքի հատուկ նշանակության մասին,
որի ներկայացման կամ առաջարկման համար օգտագործվում է մեկ այլ կազմակերպության անվանումը, առևտրային նշանը կամ ֆիրմային անվանումը` առանց այդ կազմակերպությունից պատշաճ կերպով թույլտվություն ձեռք բերելու:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հետագծելիության սկզբունքով պետական վերահսկողություն շղթան ամբողջացնելու նպատակով, ստուգումներ կանցկացնի «Թամարա և Անի» ՍՊԸ-ի, «Մուլտի Ագրո» ԳԱԿ ՍՊԸ-ի, «Պարգև» ՍՊԸ-ի և «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրություններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել