Analitik.am-ը գրում է․

Քիչ առաջ Ազգային ժողովում Մարդու իրավունքների ազգային օրակարգի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ մի քաղաքացի, ով, պարզվեց, որ տրանսգենդեր է:

Ելույթ ունեցող քաղաքացին նշեց, որ այսօր պարտություն են կերտում. «Անհնար է երևակայել այն, ինչ այսօր իրականություն է հետհեղափոխական Հայաստանում: ՀՀ ԱԺ ամբիոնից ձեզ եմ դիմում որպես տրանսգենդեր կին, բայց խնդրում եմ ինձ որպես հավաքական կերպար ընդունեք: Հանդիսանալով որպես հայ տրանսգենդեր անձանց համայնքի անդամ և Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ նախագահ՝ ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված առևանգված, այրված, ողջակիզված, դանակահարված, սպանված, մահափորձի ենթարկված, արտագաղթած, խարանի ու խտրականության ենթարկված հայ տրանսգենդերի կերպարը»:

Քաղաքացին նշեց, որ պահանջում են օրենքներ ընդունել գենդերային հավասարության մասին՝ խոստանալով , որ իրենք կապավինեն իշխանություններին:

Ելույթից հետո հնչեցին ծափահարությունները:

ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այս թեման չի եղել քննարկումների օրակարգում, ինչն անհարգալից վերաբերմունք է իր, ինչպես նաև խորհրդարանի հանդեպ. «Ձեր իրավունքները ոտնահարող չկա, բայց մենք ունենք հստակ օրակարգ, որը Դուք խախտել եք»:

Ելույթ ունեցող քաղաքացին մի քանի քաղաքացու հետ լքեց դահլիճը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել