168.am-ը գրում է․

Գյումրու Տիգրան Մեծ փողոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջեց և ծանոթացավ իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքներին, որոնք, ինչպես նշեց ներկաներից մեկը՝ անընդհատ ձգձգվում են, ինչն էլ առաջացրել է բնակիչների բողոքը։ Վարչապետին ուղեկցող Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց, որ ճանապարհն այդ հատվածում քանդել են, որպեսզի կապի հանգույցն անցկացնեն՝ ջրմուղը, գազը, կոյուղին։

Լսելով բողոքները՝ վարչապետը ստիպված հարց տվեց գյումրեցի լրագրողներին, թե ինչո՞ւ են ճանապարհներն այդ վիճակում, ի՞նչն է պատճառը։

«Ճանապարհները քանդվել են աշնանը, և, ըստ էության, մարդկանց համար դժվար է տեղաշարժվել»,- ասաց լրագրողներից մեկը։

«Ասենք՝ կաբլուկով կին եկավ, այս ամենի մեջով ինչպե՞ս է քայլելու։ Ժողովուրդ, երբ մի շինարարություն ենք սկսում, դրա կանխավարկածն այն է, որ ասում ենք՝ վերջ, շինարարություն ենք անում, ինչ ուզենք՝ կանե՞նք։ Էդպես չէ, շինարարություն իրականացնողն ու նախագծողը պետք է ամեն ինչի մասին մտածի։ Հիմա եթե այս շինարարությունը մեկ տարի տևի, մարդկանց ասելու եք՝ գնացեք, ուրիշ տեղ ապրեք, մեկ տարի անցնի՝ կգա՞ք։ Եկեք գնանք Եվրոպա ցանկացած տեղ, տեսեք՝ նման վիճակ որտե՞ղ կա, որ մայթը քանդեն, ու քաղաքացին քայլելու տեղ չունենա»,- դիմելով շինաշխատանքների պատասխանատուներին՝ նշեց վարչապետը։

Վարչապետի խոսքից հետո լեզվակռիվ սկսվեց Գյումրու քաղաքապետի և շինաշխատանքների դեմ բողոքողների միջև, ինչը նյարդայնացրեց վարչապետին, և նա ստիպված եղավ հանդարտեցնել նրանց՝ ասելով.

«Այ քեզ բան, հիմա այստեղ կարո՞ղ ա քուչի կռիվ անեք, մի հատ էլ իմ ներկայությամբ բանե՞ր եք անելու»։

Զվարթ Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել