«Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կօգնի կյանքի կոչել Վիեննայում Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները, ապրիլի 4-ին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան: Ինչ արդյունքների մասին է խոսքը, պարզ չէ: Համենայնդեպս, Վիեննայի հանդիպումից հետո, կարծես թե, որպես արդյունք խոսվել է միայն մարդասիրական քայլեր նախաձեռնելու և հանդիպումները շարունակելու պայմանավորվածության մասին: Բայց հազիվ թե խոսքը վերաբերի հանդիպումները շարունակելու պայմանավորվածությանը, քանի որ այստեղ թերևս օգնելու կարիք չկա, այլ ընդամենը չխանգարելու հարց, քանի որ թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին առնվազն այս փուլում այդ հանդիպումներն անհրաժեշտ են, տարբեր պատճառներով: Հետևաբար պետք է ենթադրել, որ խոսքը մարդասիրական նախաձեռնությունների մասին է, թեև այս դեպքում էլ հայտնի չեն մանրամասներ:

Հայաստանի վարչապետը հանդիպումից հետո հայ համայնքի հետ զրույցում ակնարկեց, որ կարող է խոսք լինել գերիների խնդրի մասին: Սակայն դա էլ առավելապես ենթադրություն է, որ արվում է Փաշինյանի ավելի ընդհանուր խոսքից: Իսկ կա՞ արդյոք այլ պայմանավորվածություն, որի մասին չի ակնարկվել, չի խոսվել: Վիեննայից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե թույլ չի տվել ձևաչափի փոփոխություն: Հայաստանի վարչապետը դա համարեց մանիպուլյացիա և հայտարարեց, որ բարձրացրել է ու բարձրացնելու է Արցախի մասնակցության հարցը: Թե´ Փաշինյանի, և հետո նաև թե´ Ալիևի հետ հեռախոսազրույց ունեցավ ՌԴ նախագահ Պուտինը: Այդ ֆոնին էլ հնչում է Մարիա Զախարովայի հայտարարությունը, որ ՌԴ-ն պատրաստ է օգնել Վիեննայի արդյունքները կյանքի կոչելուն: Չի բացառվում, որ խոսքը, իհարկե, ընդամենը հրադադարի պահպանման պայմանավորվածությունը պահելու մասին է, որ ձեռք է բերվել դեռևս Դուշանբեից, որտեղ ևս նշմարելի էր Պուտինի դերակատարումը: Այլ կերպ ասած, Մոսկվան փաստացի հայտարարում է այն մասին, որ կօգնի պահել հրադադարը, հարաբերական հանգիստ վիճակը սահմանին, չնայած Վիեննայից հետո կողմերի առաջին, տաք հետքով դրական տոնայնությամբ հայտարարություններին հաջորդած որոշակի կոշտ հռետորաբանությանը:

Բանն այն է, որ հանգիստ, կայուն իրավիճակի պահպանումը Ռուսաստանի համար քաղաքական խնդիր է, որովհետև իրավիճակի ապակայունացումը առանց չափազանցության կարող է Մոսկվայի համար հղի լինել ուղղակի Կովկասի կորստով, ընդ որում շղթայական՝ մինչև հյուսիսային Կովկաս»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել