«Վարչապետին դատարան հրավիրելու ոչ մի անհրաժեշտություն չկար, բայց վարչապետին խաբեցին բերեցին դատարան, որը գործին ոչ մի բան չտվեց։ Սա աբսուրդ է»,-«Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի անդամների հետ տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրյալ Արթուր Այվազյանը՝ «Մանախը»։

Հիշեցնենք, որ երեկ այս գործի շրջանակներում դատարանում հարցաքննվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միջադեպը տեղի էր ունեցել 2017 թվականի մայիսի 31-ի գիշերը։ ԱԺ ընտրություններից մեկ օր առաջ Մալաթիա-Սեբաստիա համայնքում եռագույն դրոշը գետնին գցելու համար միջադեպ էր սկսվել, որից հետո «Ելք» դաշինքի անդամ Հայկ Սարգսյանը, որը հիմա պատգամավոր է, իրավապահներին հայտնել էր, որ ժամը 22:50-ին անհայտ անձը հարվածել է իրեն՝ պատճառելով վնասվածքներ, ինչպես նաև հանել է ատրճանակը և ուղղել իր վրա, սակայն այն վնասազերծվել է «Ելք»-ի անդամներից մեկի՝ Գառնիկ Վարդանյանի կողմից: Ավելի ուշ Արթուր Այվազյանը ներկայացել էր ոստիկանություն, նրան ձերբակալել էին, ապա կալանավորել: Դեպքից մի քանի ամիս անց Արթուր Այվազյանը 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: Նրա նկատմամբ սահմանվել է ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոց:

Ներկայումս գործը հասել է դատարան, և դատաքննություն է իրականացվում, որի ժամանակ էլ դատախազությունը մի քանի անգամ պնդել էր, որ վարչապետն առանցքային վկա է և պետք է հարցաքննվի դատարանում։

«Դատախազությունը ամիսներ շարունակ համառորեն պնդում էր, որ վարչապետը պետք է անպայման հարցաքննվի։ Տպավորություն էր, որ վարչապետը հենց գա դատարան, գործը միանգամից կբացահայտվի։ Մի քանի ամիս շարունակ դատերն այդ պատճառով հետաձգելուց հետո վարչապետը գալիս է դատարան, ու պարզվում է, որ նույն մեղադրող դատախազը ոչ մի հարց չունի առանցքային վկային։ Տալիս է ընդամենը երկու ձևական հարց, որից ոչ մի բան պարզ չի դառնում։ Տպավորություն էր, որ դատախազությունը պարզապես իր առաջ խնդիր էր դրել վարչապետին բերելու դատարան ու բերեց»,- ասաց Այվազյանը՝ հավելելով, որ մեկ այլ գործով, եթե վկան զենքը տաներ հանձներ, ապա մեղադրանքի կողմը դատարանում այդ վկային հարցախեղդ կաներ:

«Իսկ երեկ դատարանում ընդամենը վարչապետից հարցրին՝ Բանգլադեշո՞ւմ է եղել միջադեպը, թե ոչ, մեկ էլ՝ դրոշի համա՞ր է եղել, թե ոչ։ Պատկերացնո՞ւմ եք, երկրի վարչապետին բերել հասցրել են դատարան երկու անկապ, բոլորին հայտնի հարցի համար։ Ինձ առաջադրված մեղադրանքի ծավալը նայեք, իրենց հարցերի քանակը։ Բա սա շոու չի, ի՞նչ ա։ Սա դատախազության շոուն էր»,- ասաց Այվազյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել