168.am-ը գրում է․

Հայաստանի պետական պարտքը մեծացնելու մասին խոսակցությունները մամուլում և փորձագիտական շրջանակներում աստիճանաբար լուրջ արշավի են վերածվում:

Բանն այն է, որ ներկայիս կառավարության տեսակետն էականորեն տարբերվում է նախորդ իշխանության դավանած մոտեցումներից: Եվ եթե նախկինների դեպքում արտաքին պարտքն ավելացնելու շրջանում ամեն անգամ այդ ծանր ինֆորմացիան հանրության ականջին զգուշավոր էր մատուցվում, հատուկ շեշտադրումներով փաթեթավորված՝ ներկայացնելով, թե սոցիալ-տնտեսական, ռազմավարական նշանակության ինչ ծրագրերի է միտված նոր բեռը, ապա ներկայիս իշխանությունը համարում է, որ այդ մանևրների կարիքն ընդհանրապես չունի:

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտաքին պարտքի շեմը ՀՆԱ-ի նկատմամբ 10 տոկոս ևս բարձրացնելու, ըստ այդմ, այն 70 %-ի հասցնելու շուրջ են «մտածում»։

Թե ի՞նչ է դա նշանակում՝ երկրի տնտեսական ռիսկերի տեսանկյունից, դեռ կանդրադառնանք։

Հիշեցնենք, որ արտաքին պարտքի «բոբոյից» այլևս չվախեցող վարչապետը մինչ իշխանության գալը տարբեր առիթներով բազմաթիվ անգամներ հենց ինքն է ահազանգել պետական պարտքի ավելացման վտանգների մասին՝ ամեն անգամ իրեն հատուկ տպավորիչ բառամթերքով ձևակերպումներով:

Բայց այսօր արդեն իշխանության բարձունքից, փաստորեն, իրավիճակը հակառակ տպավորությունն է թողել նրա վրա, մոտեցումները փոխվել են:

ԱԺ-ում կառավարության գործունեության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց արտաքին պարտքի սպասարկման ու հնարավորությունների մասին՝ հիշեցնելով, որ ներկայումս 1 մլրդ 200 մլն դոլարի չափով պարտքի մարման ժամկետների մեջ ենք:

Վարչապետին՝ որպես Հայաստանի հպարտ քաղաքացու, հարցի հնչերանգը «թախծոտ» թվաց, և նա հայտարարեց, թե՝ «հին հռետորիկան՝ վա՜յ, պարտք ենք, բա ի՞նչ ա լինելու, և այլն, այլևս անցյալում է, պետք է դուրս գանք այդ վիճակից: Մենք չունենք փողի խնդիր, մենք ունենք գաղափարի խնդիր, և մեր բոլոր խնդիրների լուծումը մտքի ասպարեզում է»:

Իսկ գաղափարներ տվող գործիչները, ինչպես տեսնում ենք, հայտնվել են վարչապետի միջավայրում։

Վերջերս ՀՀ արտաքին պարտքի մեծացմանը գնալու հրապարակային կոչով դիմեց նրան ԼՂՀ նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը: Նա համաձայն չէ պետական պարտքի վախերի մասին Հայաստանի տարբեր միջավայրերում առկա հոռետեսական գնահատականներին ու նույնիսկ խորհուրդ է տալիս տնտեսությունը զարգացնելու համար նոր փողեր ներգրավել։

ԼՂՀ նախագահի հավակնորդ թեկնածու Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվեց չվախենալ արտաքին պարտքի ներկա ծավալից և իրավիճակը փրկելու համար համարձակորեն նոր պարտքեր վերցնել, միայն թե դրանք ուղղվեն ներդրումային զանազան ծրագրերին, որպեսզի ներդրումների ազդեցությունը լինի երկարատև և դինամիկ:

Տնտեսագիտական հաշվարկներով Հարությունյանն իր այս կոչի տակ այսպիսի հիմնավորում էր ներկայացրել. «Մեկ շնչի հաշվով համաշխարհային անվանական (նոմինալ) ՀՆԱ-ն, ըստ միջազգային մասնագիտական աղբյուրների, ներկայումս կազմում է մոտ 10.000 ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ-ում՝ մոտ 4000 ԱՄՆ դոլար: Եվ այս ցուցանիշով ՀՀ-ն աշխարհի առաջին 100 երկրների շարքում ընդգրկված չէ: Տարբեր մասնագիտական գնահատումներով՝ առաջիկա տարիներին համաշխարհային տնտեսության համար կանխատեսվում է տարեկան միջինը 3% աճ: Այսինքն՝ աշխարհի մեկ բնակչի հաշվով ՀՆԱ-ն կավելանա տարեկան մոտ 300 ԱՄՆ դոլարով:

Համաշխարհային միջինից էլ ավելի հետ չընկնելու նպատակով ՀՀ-ն ևս պետք է ձգտի ապահովել մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի աճ՝ տարեկան առնվազն 300 ԱՄՆ դոլարի չափով, ինչը նշանակում է՝ ապահովել առնվազն 7,5% տնտեսական աճ:

Համաշխարհային միջինից էլ ավելի հետ չընկնելու նպատակով ՀՀ-ն ևս պետք է ձգտի ապահովել մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի աճ՝ տարեկան առնվազն 300 ԱՄՆ դոլարի չափով, ինչը նշանակում է՝ ապահովել առնվազն 7,5% տնտեսական աճ»։

Դա, նրա համոզմամբ, այն նվազագույն աճի շեմն է, որը ՀՀ-ն պետք է ամեն գնով ապահովի` համաշխարհային զարգացման միտումներից հետ չմնալու համար: Իսկ դրան հասնելու ճանապարհը, Արցախի նախկին պետնախարարի համոզմամբ, մեկն է` ներդրումները:

Եվ ահա այս թեզը դրվել է Փաշինյանի կառավարության նոր ռազմավարության հիմքում, ու փորձ է արվում այն տիրաժավորել տարբեր միջավայրերում՝ փորձագետների ու հենց Արայիկ Հարությունյանի միջոցով:

Մեր տեղեկություններով՝ արտաքին պարտքի մեծացման գաղափարն իրականում քննարկվել է առաջինը Նիկոլ Փաշինյան-Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ կողմերի միջև՝ դեռ անցած տարեվերջին: ԿԲ նախագահը մեկ այլ համախոհ պաշտոնյայի հետ (մեր աղբյուրն անունը չի նշում) խորհուրդ է տվել նրան՝ խոստացված տնտեսական հեղափոխությունը կյանքի կոչել արտաքին ռեսուրսների ներգրավմամբ, քանի որ երկրում առկա վիճակը, ֆինանսական կազուսից բացի, առայժմ այլ բան չի խոստանում:

Ըստ նույն աղբյուրի՝ Արթուր Ջավադյանը հուշել է վարչապետին, որ այս թեզի լավագույն պաշտպանը տնտեսագետների շրջանում հենց Արայիկ Հարությունյանն է, հետևապես՝ նա կարող է իր վրա վերցնել հանրային կարծիք, ցանկալի ընկալումներ ձևավորելու մեծ պատասխանատվությունը: Եվ ահա, այս «տեսակետների համընկնման զուգադիպությունը» նետվեց դաշտ, առաջինը՝ հրապարակային նամակ-կոչի, և ապա՝ հարցազրույցների, քննարկումների ու դիսկուրսներ հրահրելու զանազան ֆորմատներով:

Փորձ է արվում այն ընկալումը ձևավորել, որ պետական պարտքը, իրոք, «բոբո» չէ, պետք չէ վախենալ, և, որ համաշխարհային պարտքի ընդհանուր ցուցանիշում Հայաստանի պարտքի բեռը համեմատաբար ցածր մակարդակի վրա է։

Ի դեպ, նույն Արայիկ Հարությունյանն իր հայտնի ելույթում հիշատակում է այդ «չվախենալու թիվը»:

Հայաստանի ընդհանուր պարտքը ներկայումս կազմում է շուրջ 12-13 մլրդ ԱՄՆ դոլար, և ամեն մեկ բնակչի հաշվով այն կազմում է 4000 ԱՄՆ դոլար։

Նկատենք, ավելի լայն շրջանակներում սկսել է քննարկման ենթարկվել արտաքին պարտքը մեծացնելու թեման, ընդ որում՝ դրա անհրաժեշտությունը ֆիքսելու շեշտադրումներով:

Իշխանական կուլիսներում, մեր տեղեկություններով, քննարկվում է նույնիսկ խմբագրման ենթարկել արտաքին պարտքը սահմանափակող օրենսդրական կարգավորումները, որը մշակեց և հաստատեց նախկին իշխանությունը՝ դեռևս 2017 թ.:

Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ գծված սցենարային պլանի համաձայն՝ կառավարությունը չի սպասել օրենսդրական կարգավորումներին և արդեն իսկ պարտքի համար դիմել է միջազգային դոնոր կազմակերպությունների:

ՀՀ կառավարության գործընկեր կազմակերպություններից առայժմ դրական արձագանք տվել է «Համաշխարհային բանկը»:

Եվ «Համաշախարհային բանկից» ստացած երաշխիքների համաձայն՝ ակնկալվում է մոտալուտ ժամկետներում ստանալ 500 միլիոն դոլար վարկ՝ հինգ տարիների իրականացվող ծրագրերի կտրվածքով: Եվ ամենաուշագրավն այստեղ այն է, որ ակնկալվող փողերի առաջին տրանշի համար 100 մլն դոլարը ՀՀ կառավարությունը նախատեսում է ոչ թե՝ ներդրումային ծրագրերին ուղղել կամ, ինչպես Փաշինյանն է ասում՝ նորարարական գաղափարները կյանքի կոչելուն, այլ՝ զուտ բյուջետային ակտիվ ծրագրերի իրականացմանը, այսինքն՝ բյուջեով տարեկան պլանավորած ծախսերի համար: Ստացվում է՝ մենք այս անգամ էլ վերցնելու ենք, որ նորից սպառենք՝ ամենաուղիղ իմաստով, երևի, որովհետև բյուջեի կատարման խնդիր կա օրակարգում:

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն օրերս ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ Հայաստանի հպարտ քաղաքացիներին կոչ արեց չվախենալ պարտքից ու չտրտնջալ, քանի որ ՀՀ արտաքին պարտքի սպասարկումը դրված է ինստիտուցիոնալ հիմքի վրա:

«Հայաստանին ոչ մի սպառնալիք չի կարող սպառնալ. անշարժ գույքի գները ոչ թե՝ նվազելու են, այլ՝ ավելանալու են, պետական բյուջեի եկամուտները ոչ թե՝ նվազելու են, այլ՝ ավելանալու են: Այս տարի նվազագույնը 40 մլրդ դրամով ավելի գումար ենք հավաքելու պետական բյուջե, և մեր տնտեսության ակտիվության ցուցանիշները մեզ հիմնավորում են, որ մենք պետական բյուջեի եկամուտները շարունակաբար ավելացնելու ենք՝ տնտեսական աճի և ստվերային տնտեսության աճի հաշվին»,- հայտարարել էր նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել