Armenpress.am-ը գրում է.

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ ապրիլի 4-ին կազմակերպել է աշխատանքային քննարկում պատգամավորներ Ալեն Սիմոնյանի,  Սիփան Փաշինյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

«Քննարկմանը մասնակցել և օրենսդրական փաթեթի վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել վիճակախաղեր կազամակերպող ընկերությունների եւ ՏՄՊՊ հանձնաժողովի ներկայացուցիչներ:

Նախագծերով սահմանվում է, որ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր եւ ավտոմատացված՝ սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Գեղարքունիքի մարզի Սեւան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Մեղրի համայնքների վարչական սահմաններում: Ներկայումս վիճակախաղեր կազմակերպվում են երկրի ողջ տարածքում:

ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը, կարևորելով օրենսդրական նախաձեռնության ընդունումը, նշել է, որ այն կնպաստի ոլորտում առկա խնդիրների լուծմանը, ինչպես նաև խաղամոլության դեմ պայքարին:

Նշվել է, որ նախագծերը նպատակ են հետապնդում սահմանափակել քաղաքացիների՝ վիճակախաղերով տարվելու անմիջական հնարավորությունը: Օրենսդրորեն սահմանվում է նաեւ այն կառուցակարգը, որը հնարավորություն է ընձեռելու օրինական կարգով սահմանափակել մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իրեն եւ իր ընտանիքին նյութական ծանր վիճակի հասցրած անձի՝ հետագայում նման գործողություններ կատարելու հնարավորությունը:

«Գուդվին Բետ» ՍՊԸ, «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ, «Աջարաբեթ», «Դիջիգեյմ» ընկերությունների պատասխանատուները նշել են, որ խաղասրահների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման արգելումը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ կստեղծվեն ընդհատակում գործող խաղասրահներ: Կհանգեցնի մոտ հազար աշխատատեղի կրճատման եւ շուրջ երեք հարյուր անշարժ գույքի վարձակալության պայմանագրի լուծման:

Նրանք առաջարկել են թույլատրել  յուրաքանչյուր մարզում և Երեւանի յուրաքանչյուր վարչական շրջանում մեկական  կետի գորուծունեություն ծավալել:

ՀՀ ՏՄՊՊՀ-ի ներկայացուցիչ Արման Մանասերյանը տեղեկացրել է, որ վիճակախաղ կազմակերպող ընկերությունների համար պետական տուրքը կազմում է 500 մլն դրամ եւ, եթե փոփոխությունները կյանքի կոչվեն, ապա պետական բյուջե մուտքերը կնվազեն»,- նշված է հաղորդագրությունում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ընկերությունների ներկայացուցիչներին առաջարկել  է մինչև հանձնաժողովում  օրինագծերի փաթեթի քննարկումը ներկայացնել առավել համապարփակ տեղեկատվություն ֆինանսական խնդիրների վերաբերյալ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել