Hraparak.am-ը գրում է.

Ինչպես տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին սպառնաց բոլոր նրանց, ովքեր, իր խոսքերով, մանիպուլյացիաներ են տարածում, թե իբր կառավարության որոշման արդյունքում թանկացել է գազի գինը: Նա այդ «մանիպուլյատորներին» սպառնաց ԱԱԾ-ով՝ հանձնարարելով Արթուր Վանեցյանին զբաղվել նրանցով, որոնք, ըստ վարչապետի, հիմնականում «ֆեյքեր» են։

Նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցինք ԱԱԾ տնօրենից, թե ինչպե՞ս է պատրաստվում իրենց ծառայությունը պայքարել «ֆեյքերի» դեմ։

«Ուրեմն ֆեյքերի դեմ պայքարը, որը որ պետք է լինի, պետք է լինի շատ զգույշ, շատ մտածված։ Եթե գրառումների մեջ, դա ֆեյք կլինի, թե սովորական անձ, չկա հանցակազմ, այդտեղ իրավապահ մարմինները որևէ գործոնեություն իրականացնելու առիթ չունեն։ Եթե կա գրառման մեջ հանցակազմ, այդ դեպքում ԱԱԾ-ն և մնացած իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել և իրականացնել համապատասխան միջոցառումներ, որպեսզի կանխեն և բացահայտեն այդ հանցագործությունը»,-ասաց Արթուր վանեցյանը։

Hraparak.am-ի հարցին, թե ինչպե՞ս են որոշելու՝ դա մանիպուլյացիա՞ է, թե՞ ոչ, Վանեցյանն ասաց․ «Մանիպուլյացիա, ես, ճիշտն ասած, էդ հարցը չհասկացա հիմա։ Մանիպուլյացիան դա է, որ արտահայտությունները, որոնք արվում են կամ գրառումները, այն թեմաները, որոնք տարածվում են սոցիալական ցանցերում անանուն կամ ոչ հայտնի օգտատերերի կողմից, կարող են հասարակության շրջանում բերել այնպիսի տրամադրությունների, որոնք կարող են հանգեցնել ինչ-ինչ հետևանքների։ Ես հիմա, ճիշտն ասած, չեմ ուզւոմ մտնել այդ բառախաղի մեջ, բայց հավաստիացնում եմ, որ էդ գործընթացը կատարվելու է շատ ուշադիր, շատ զգույշ և որևէ դեպքում չի վնասվելու խոսքի ազատությունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել