168.am-ը գրում է․

«Ես նշանակվել եմ՝ որպես Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, որովհետև Կոնստանտին Օրբելյանն եմ, ոչ թե ինձ նշանակել է Ռիտա Սարգսյանը: Ես պաշտոն ստացել եմ ոչ թե ընկերության, այլ ծառայելու, աշխատելու համար: Հայաստանում 3 միլիոն մարդ է ապրում, նրանք տարբեր տեղեր են աշխատել նախկին իշխանության ժամանակ: Բոլորս հայ ենք ու մտածում ենք Հայաստանի բարգավաճման մասին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոնստանտին Օրբելյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե՝ «կարծես թե արդեն նշանակվել է նոր տնօրեն, և նա Բորիս Հայրապետյանն է, այդպե՞ս է», Կ. Օրբելյանն ասաց, որ նրան ճանաչում է, բայց չգիտի՝ նա՞ է նոր տնօրենը, թե՞ ոչ:

«Ես չգիտեմ, թե ո՞վ է նոր տնօրենը, ես նրան չեմ տեսել: Հիմա տնօրեն չկա: Այսպես լավ է, ինձ հարմարավետ եմ զգում, ղեկավարում եմ թատրոնի գործընթացը: Հիմա սպասում ենք, հակափաստարկներն ուղարկել ենք Կառավարություն: Ես պետք է կատարեմ իմ պարտքը, որն ունեմ թատրոնի առջև: Շատ խոստումներ կան, որոնք պետք է կատարեմ: Տարբեր ռեժիսորների եմ կանչել, շատ պլաններ կան: Ես ոչ ոքից երբեք չեմ նեղանում, հասկանում եմ, որ սխալ տեղեկատվություն են հաղորդել, և դա իմ խնդիրը չէ»,- նկատեց Կոնստանտին Օրբելյանը:

Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարն անդրադարձավ նաև հարցին՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ հեռանալիս որոշել է տանել կոստյումներն ու դաշնամուրը՝ հայտնելով, որ Երևանում գործում է Կոնստանտին Օրբելյանի անվան երաժշտական դպրոց, և, եթե ինչ-որ բան տեղափոխեն, ապա՝ միայն այնտեղ:

«Ի դեպ, իմ դաշնամուրը, որն աշխատասենյակում է, միշտ ասել եմ՝ ուր էլ որ գնամ հետագայում, այդ դաշնամուրը տալու եմ երաժշտական դպրոցին, քանի որ այն պատկանել է հորեղբորս՝ Կոնստանտին Օրբելյանին»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի 2019թ. մարտի 28-ի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։

Մշակույթի նախարարությունից մեկնաբանելով Կ. Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հիմքը՝ մեջբերել են Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքի 15-րդ հոդվածը, ըստ որի՝ ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, մինչդեռ Կոնստանտին Օրբելյանը, բացի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենից, նաև գեղարվեստական ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում։ Կոնստանտին Գարիի Օրբելյանը 2016 թվականին նշանակվել էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ 2017 թվականի հուլիսին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրամանով՝ թատրոնի տնօրեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել