168.am-ը գրում է․

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն ապրիլի 3-ին պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուին հայտարարել է, որ Սիրիայում Անկարայի միակողմանի գործողությունները կարող են ավերիչ հետեւանքներ ունենալ: Այդ մասին ասված է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության փոխղեկավար Ռոբերտ Պալադինոյի տարածած հայտարարության մեջ:

Փոմպեոն եւ Չավուշօղլուն հանդիպել են ՆԱՏՕ-ի մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երկօրյա խորհրդակցության ընթացքում: «Փոմպեոն աջակցություն հայտնեց Սիրիայի հյուսիսարեւելյան մասի շուրջ շարունակվող բանակցություններին՝ նախազգուշացնելով տարածաշրջանում Թուրքիայի միակողմանի ռազմական գործողությունների հնարավոր ավերիչ հետեւանքների մասին»,- նշել է դիվանագետը:

Թուրքիան Սիրիայի տարածքում արդեն անցկացրել է երկու ռազմական գործողություն՝ «Եփրատի վահանը» եւ «Արմավենու ճյուղը»: Դրանց արդյունքում անվտանգության բուֆերային գոտի է ստեղծվել Աազազ եւ Ջարաբլուս սահմանամերձ քաղաքների միջեւ, ինչպես նաեւ օկուպացվել է Աֆրինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել