Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է մարտի 31-ին անցկացված նախագահական ընտրությունների առաջին փուլի քվեաթերթիկների 100%-ը՝ հրապարակելով վերջնական արդյունքները:

Քվեարկության արդյունքում առաջատար է շոումեն, «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար Վլադիմիր Զելենսկին (30,24%):

Նրան հաջորդում է երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն (15,95%), այնուհետև՝ Ուկրաինայի նախկին վարչապետ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն (13,4%):

Քվեարկության արդյունքում չորրորդ տեղում է հայտնվել «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության ղեկավար Յուրի Բոյկոն, իսկ մնացած թեկնածուները 10%-ից պակաս ձայն են հավաքել:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները կայացել էին մարտի 31-ին: Քանի որ թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների 50%-ից ավելին, ապրիլի 21-ին կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը, որին կմասնակցեն ամենաշատ ձայները հավաքած երկու թեկնածուները:

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է, որ քվեարկությունն անց է կացվել ազատ կերպով, ԵԱՀԿ-ի չափանիշներին համապատասխան:

Տիմոշենկոյի շտաբն իր հերթին մեղադրել է Ուկրաինայի անվտանգության ծառայությանը կեղծարարության և սադրանքների համար՝ չբացառելով, որ կբողոքարկի ընտրությունների արդյունքները:

Հիշեցնենք, որ այս նախագահական ընտրություններին, երկրի ղեկավարի հրամանի համաձայն, առաջին անգամ արգելվել է ռուս դիտորդների ներկայությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել