Նախքան արքայազն Հարիի հետ նշանադրվելը ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը ստիպված էր հեռացնել սոցցանցերում ունեցած իր բոլոր հաշիվները, քանի որ այդպիսին էր չգրված կանոնը արքայական պարտականությունները կատարող Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի անդամների համար: Սակայն ապրիլի 2-ին Քենսինգթոնյան պալատը հայտարարել է, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին Instagram-ում @ sussexroyal համատեղ հաշիվ են բացել:

Առաջին կես ժամվա ընթացքում նրանց 200 հազար մարդ է բաժանորդագրվել: Այստեղ Եղիսաբեթ II թագուհու թոռն ու նրա կինը իրենց երկրպագուների հետ կկիսվեն իրենց կյանքում տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններով և կպատմեն իրենց աշխատանքի մասին: Սոցցանցում ամուսինների հրապարակած նկարների շարքում էր նաև նախորդ աշնանը Ֆիջի այցելության ժամանակ արված լուսանկարը, որտեղ, ինչպես և իրենց Սուրբծննդյան բացիկում, Հարին և Մեգանը մեջքով են կանգնած հանդիսատեսին: Այն ժամանակ շատերը դա անկիրթ համարեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել