Հոգեբան Լարիսա Սոլովյովան անդրադարձել է «ոչ» ասելու դժվարին խնդրին:

«Ոչ» ասելիս արդյոք դուք ձեզ մեղավոր զգո՞ւմ եք՝ հարցնում է նա ու պատասխանում, որ վերջում, միևնույն է, որքան էլ չցանկանաք, ասում եք՝ «այո», քանի որ չեք ցանկանում ինչ-որ մեկին նեղացնել: Այս խորհուրդները կօգնեն ձեզ առանց մեղավորության զգացում ունենալու ասել «ոչ»:

«Ոչ» ասելը հատկապես դժվար է նրանց համար, ովքեր ինքնավստահ չեն, բայց եթե տիրապետեք «ոչ» ասելու նուրբ արվեստին, ապա կարող եք հասնել լուրջ արդյունքների:

Առաջինը, որ պետք է խոստովանեք, այն է, որ ամեն անգամ ինչ-որ մեկին չուզենալով «այո» ասելով հենց դուք եք հայտնվելու վատ վիճակում: Եվ դա զարմանալի չէ: Դեմ գնալ ինքդ քեզ նշանակում է՝ ներքին հակասություն ունենալ:

«Ոչ» ասել սովորելու համար անհրաժեշտ է համբերություն և փորձ:

Նախ՝ փորձեք լինել այնպիսին, ինչպիսին կաք: Թող մյուսներն իմանան ձեր նախընտրությունները, ճաշակն ու այն, թե ինչ արժեքներ ունեք կամ ինչ եք սիրում, ինչ՝ ոչ: Հնարավոր է՝ ձեզ ավելի լավ ճանաչելու դեպքում ձեր մտերիմները չխնդրեին ձեզանից այն, ինչ ձեզ դուր չի գալիս: Ձեզ մտերիմները ցանկանում են ձեզ երջանիկ տեսնել և ձեր կյանքը բարդացնելու մտադրություն չունեն: Եթե մենք չեն արտահայտում մեր պահանջները, չենք կիսվում մեր մտքերով մտերիմների հետ, ապա նրանց զրկում ենք մեզ հասկանալու ու ճանաչելու հնարավորությունից:

Մտածեք արտահայտություններ, որոնք կօգնենք ձեզ մերժել ուրիշներին: Օրինակ՝

Հիմա չեմ կարող դա անել…

Ժամանակ չունեմ…

Այդ օրն այլ պլաններ ունեմ…

Չեմ կարծում, թե այս անգամ կարող եմ քեզ օգնել…

Փորձեք օգտագործել այս արտահայտությունները: Եթե հանկարծ մոռանաք, ապա պարզապես ասեք՝ «ոչ»:

Ազնիվ եղեք: «Ոչ» ասել մի բանի, որը չեք ցանկանում անել, ավելի լավ է, քան լինել անազնիվ: Մի խաբեք ձեզ և ուրիշներին:

Եթե դուք չգիտեք՝ համաձայնե՞լ, թե՞ մերժել, ապա ժամանակ խնդրեք որոշում կայացնելու համար:

Իսկապես հեշտ բան չէ «ոչ» ասելը, բայց հիշեք, որ ամեն անգամ «ոչ» ասելիս դուք «այո» եք ասում ինքներդ ձեզ:

Եվ հիշեք ամենակարևորը. դուք պարտավոր չեք որևէ մեկին բացատրել, թե ինչու եք այդպես վարվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել