«Ապրիլի 2-ին տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում Ալիևը Պուտինին ներկայացրել է Վիեննայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման իր գնահատականը, ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Թե ինչով է տարբերվել Ալիևի գնահատականը հայկական կողմի գնահատականից, հնարավոր է թերևս կռահել նույն օրը Ալիևի արած այլ հայտարարությունից, այն մասին, թե Հայաստանի հետ պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է միայն առաջին փուլը: Ալիևը միաժամանակ հայտարարել է նաև, որ կանխել է արցախյան կարգավորման ձևաչափը փոխելու Հայաստանի քայլերը:

Պուտինի հետ Ալիևի հեռախոսազրույցն ու նրա մյուս հայտարարությունները հետաքրքիր են մի կողմից ապրիլի 1-ին Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ֆոնին, մյուս կողմից նաև Հայաստանի վարչապետ Փաշինյանի արած հայտարարության, որով նա փաստորեն ստանձնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտնի հայտարարության քաղաքական պատասխանատվությունը կամ, այսպես ասած, պետական քաղաքական օրակարգին դրա պատկանելությունը:

Խոսքը «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» սկզբունքի մասին է, որ նախարար Տոնոյանը հայտարարել էր Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպմանը: Այդպիսով, Վիեննայի հանդիպմանը նախորդած դրական և, այսպես ասած, զուսպ տոնայնությունը կողմերը փոխեցին որոշակի ագրեսիվ և կոշտ, ռազմական հռետորաբանության: Մյուս կողմից, այդ ամենը, անշուշտ, զարմանալի չէ:

Ի վերջո միամտություն կլիներ կարծել, որ կողմերն այլևս շփվելու են միայն խաղաղասիրական և զուսպ հռետորաբանությամբ: Իրավիճակը դրանից դեռևս շատ է հեռու: Կմոտենա, թե չէ, սա քաղաքական էական հարց է, արցախյան խնդրի, այսպես ասած՝ «կիպրոսացման» հեռանկարի համատեքստում: Մյուս կողմից, այստեղ էլ առանցքային է դառնում ռուսական գործոնը, որպես ռեգիոնալ անվտանգության առանցքային գործոններից մեկը կամ, այսպես ասած, գերական ուժային կենտրոնների շարքում: Իրավիճակի «կիպրոսացումը» չի տեղավորվում Ռուսաստանի ռազմավարության շրջանակում:

Դրանում չի տեղավորվում նաև պատերազմը, սակայն ոչ էլ որոշակի տևական և հաստատուն «սառեցումը»:

Մյուս կողմից, սակայն, այստեղ իհարկե Մոսկվայի վարքագիծը շատ բանով կախված է լինելու կողմերի քաղաքականությունից: Այդ առումով, Հայաստանի և Ադրբեջանի հռետորաբանության կոշտացումը մեծ հաշվով կարող է դիտարկվել Ռուսաստանի վարքագծի համար պայքարի շրջանակում:

Խոշոր հաշվով, Հայաստանի հռչակած նոր սկզբունքը գործնականում նոր նշաձող է, որ Հայաստանը դնում է իր դաշնակցի առաջ՝ ձևակերպելով այն ռազմաքաղաքական նպատակը, որն իր առաջ դնելով, Հայաստանը փաստորեն առաջադրում է նաև իր դաշնակցին: Եթե սրան հավելենք նաև այն, որ Հայաստանը դեռևս նախորդ տարի վարչապետի հայտարարության մակարդակով Մոսկվայի վրա է դրել նաև պատերազմ թույլ չտալու ռեգիոնալ պատասխանատվությունը, որոշակիորեն պարզ է դառնում, որ Մոսկվան կամ իսկապես գործուն քայլեր պետք է անի Ադրբեջանին երկարատև զսպման ռեժիմ բերելու համար, կամ պետք է քայլեր անի Հայաստանի դեմ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել