Operativ.am-ը գրում է․

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը այսօր՝ ապրիլի 2-ին հանդիպել է Իրաքի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրեն Ալի Խալիլ Իբրահիմին (Ali Khalil Ibrahim):

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Բաղդադի միջև «Իրաքյան ավիաուղիներ» պետական ավիաընկերության կողմից ուղիղ կանոնավոր չվերթների իրականացման հնարավորությունները, որի կապակցությամբ դեսպան Փոլադյանն ընդգծել է վաղուց շրջանառության մեջ դրված երկու երկրների միջև «Օդային հաղորդակցության մասին համաձայնագրի» նախագծի` մոտ ապագայում ստորագրման կարևորության մասին։

Գլխավոր տնօրեն Ալի Խալիլ Իբրահիմը, նշելով իրենց կողմից՝ Հայաստանը որպես զբոսաշրջային բարեկամ երկրի առաջնայության դիտարկման մասին, պատրաստակամություն է հայտնել վերագործարկելու երկու երկրների մայրաքաղաքների միջև օդային կանոնավոր չվերթները՝ կարևորելով հայկական կողմի՝ իրաքցիներին արտոնագրային որոշակի դյուրացումներ տրամադրելու հարցի վերանայման անհրաժեշտությունը։

Կողմերը պայմանավորվել են մոտ ժամանակներս կազմակերպել փոխադարձ այցելություններ՝ օդային հաղորդակցության բնագավառում առկա խնդիրների քննարկման նպատակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել