Այսօր տեղի է ունեցել Երկրապահ կամավորականների միության վարչության փակ նիստը, որի ընթացքում քննարկվել է ԵԿՄ նախագահի թեկնածության հարցը: Վարչության նիստում որոշվել է ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի թեկնածությունը:

Ապրիլի 7-ին տեղի է ունենալու ԵԿՄ համագումարը, որի ժամանակ էլ կընտրվի նախագահը:

Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ մարտական ընկերներն իրեն են վերապահել ԵԿՄ-ն «ռելսերի վրա գցելու» գործը: Նա վստահեցրեց, որ ԵԿՄ-ն չի քաղաքականացվելու և չի լինելու իշխանության կցորդ, ինչպես նախկինում էր:

Դիտարկմանը՝ ժամանակին ինքը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանի տեղի վրա աչք չունի, Սասուն Միքայելյանն ասաց. «Այն ժամանակ Մանվել Գրիգորյանն իր տեղում էր, բացի այդ՝ հիմա տղերքն ուզում են, որ ես լինեմ»:

Սասուն Միքայելյանը նաև հայտնեց, որ ԵԿՄ համագումարին հրավիրվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց չի կարող ասել՝ կգա, թե ոչ:

Վարչության փակ նիստի ընթացքում որոշվել է կրճատել վարչության անդամների թիվը՝ 180-ից դարձնելով 25:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել