Ներկայացնում ենք գերմանացի ականավոր փիլիսոփա և հոգեբան Էրիխ Ֆրոմի մտքերի փոքրիկ հավաքածուն։

Մարդու գլխավոր կենսական խնդիրն ինքն իրեն կյանք տալն է, դառնալ այն մարդը, որի պոտենցիալն ինքն ունի: Նրա ջանքերի ամենակարևոր պտուղն իր սեփական անձն է:

Մենք պարտավոր չենք ոչ ոքի բացատրություններ ու հաշվետվություններ տալ, քանի դեռ մեր գործողությունները ցավ չեն պատճառում կամ ոտնձգություն չեն համարվում այլոց նկատմամբ: Որքան կյանքեր են կործանվել բացատրվելու այդ անհրաժեշտությամբ, որը սովորաբար ենթադրում է, որ ձեզ հասկանան, այսինքն՝ արդարացնեն:Image result for эрих фром

Թող մարդիկ ձեր մասին դատեն ձեր արարքներով, իսկ դրանց միջոցով էլ ձեր իրական մտադրությունները հասկանան, բայց իմացեք, որ ազատ մարդն ինչ-որ բան պետք է բացատրի միայն ինքն իրեն, իր մտքին, խելքին, գիտակցությանն ու այն քչերին, ովքեր բացատրություններ պահանջելու իրավունք ունեն:

Եթե ես սիրում եմ, ես հոգ եմ տանում, այսինքն՝ ակտիվորեն մասնակցում եմ այլ մարդու երջանկության ու զարգացման գործին, ապա ես սոսկ հանդիսատես չեմ:

Մարդու նպատակն է մնալ այնպիսին, ինչպիսին որ կա, իսկ այդ նպատակին հասնելու պայմանը սեփական անձի համար մարդ մնալն է: Ոչ թե ինքնամեկուսացումը, ոչ թե ինքն իր անձը չսիրելը, այլ սերը սեփական անձի նկատմամբ, ոչ թե անհատականությունից հեռանալը, այլ սեփական մարդկային «ես»-ի հաստատումը: Ահա հումանիստական էթիկայի իսկական բարձրագույն արժեքները:

Կյանքն այլ իմաստ չունի, քան այն, ինչը մարդը տալիս է նրան՝ բացահայտելով իր ողջ ուժերը, ապրելով արդյունավետ, բեղմնավոր կյանքով:

Եթե մարդը կարող է ապրել ոչ պարտադրված, ոչ ավտոմատիկորեն, այլ սպոնտան, վայրկյանից բխող որոշումներով, ապա նա գիտակցում է իրեն որպես ակտիվ արվեստագետ, ու հասկանում է, որ կյանքում միայն մեկ իմաստ կա, և դա հենց կյանքն է:

Մենք այն ենք, ինչ մեր մասին ներշնչել ենք մենք, և այն, ինչ մեր մասին ներշնչել են ուրիշները:

Երջանկությունն ինչ-որ աստվածային շնորհ չէ, այլ ձեռքբերում, որին մարդը հասնում է իր ներքին արդյունավետությամբ:

Մարդու համար ամեն ինչ կարևոր է՝ բացառությամբ իր սեփական կյանքի և ապրելու արվեստի:

Ամեն բան խորը ընկալող մարդն ի վիճակի չէ ձեռնպահ մնալ կյանքի անդառնալի ողբերգությունների պատճառով ունեցած խորը տխրությունից: Ե՛վ ուրախությունը, և՛ տխրությունը կյանքով լեցուն, զգայուն մարդու անխուսափելի ապրումներն են:

Շատ մարդկանց դժբախտ ճակատագիրն իրենց չկատարած ընտրության արդյունքն է: Նրանք ո՛չ կենդանի են, ո՛չ մեռած: Կյանքը բեռ է դառնում, անարժեք զբաղմունք, իսկ գործերը՝ սոսկ կենցաղի տառապանքից ստվերների թագավորությունում պաշտպանվելու միջոց:Image result for эрих фром

Կենդանի լինել հասկացությունը ոչ թե ստատիկ, այլ դինամիկ հասկացություն է: Գոյություն ունենալը նույն բանն է, ինչ օրգանիզմի յուրահատուկ ուժերի բացահայտումը: Պոտենցիալ ուժերի արդիականացումը բոլոր օրգանիզմներին ի ծնե տրված հատկությունն է, այդ պատճառով էլ մարդու պոտենցիալի բացահայտումն իր բնույթի օրենքներին համապատասխան հարկ է դիտարկել որպես մարդկային կյանքի նպատակ:

Ես վստահ եմ, որ ոչ ոք չի կարող փրկել իր մերձավորին՝ նրա փոխարեն ընտրություն կատարելով: Այն ամենը, ինչով մի մարդը կարող է օգնել մյուսին, նրան ճշմարիտ կերպով ու սիրով, բայց առանց սենտիմենտի ու պատրանքների՝ այլընտրանքի գոյության մասին տեղեկացնելն է:

Կյանքը մարդու առջև պարադոքսային խնդիրներ է դնում: Մի կողմից՝ իրականացնել սեփական անհատականությունը, մյուս կողմից՝ գերազանցել այն և անցնել ունիվերսալության աստիճանին: Միայն բազմակողմանիորեն զարգացած մարդը կարող է վեր կանգնել իր սեփական «ես»-ից:

Եթե մանկական սերը ելնում է «Ես սիրում եմ, որովհետև սիրված եմ» սկզբունքից, ապա հասուն սերը ելնում է «Ես սիրում եմ, որովհետև սիրում եմ» սկզբունքից: Ոչ հասուն սերը գոռում է․ «Ես քեզ սիրում եմ, որովհետև քո կարիքն ունեմ», իսկ հասուն սերը․ «Ես քո կարիքն ունեմ, որովհետև սիրում եմ քեզ»:

Միմյանց հանդեպ ինքնամոռաց խանգարումը սիրո ուժի ապացույց չէ, այլ սոսկ դրան նախորդած անչափելի միայնության վկայություն:

Եթե մարդը սեր է զգում տիրելու սկզբունքով, դա նշանակում է, որ նա ձգտում է իր սիրո առարկային զրկել ազատությունից և վերահսկողության տակ պահել: Այդպիսի սերը կյանք չի պարգևում, այլ ճնշում է, կործանում, խեղդում, սպանում այն:

Մարդկանց մեծ մասը վստահ է, որ սերը կախված է սիրո առարկայից, այլ ոչ թե սիրելու իր սեփական ունակությունից: Նրանք նույնիսկ վստահ են, որ, եթե իրենք, բացի սիրելիից, ուրիշ ոչ ոքի չեն սիրում, ուրեմն՝ իրենց սերն այդ մարդու նկատմամբ այդքան ուժեղ է: Սա մոլորություն է:

Սա նման է այն մարդու վիճակին, ով ուզում է նկարել, բայց փոխանակ նկարել սովորի, պնդում է, որ պարզապես հարմար բնապատկեր է պետք գտնել, ու երբ այն գտնվի, ինքը հիանալի կնկարի, ընդ որում՝ դա տեղի կունենա ինքնաբերաբար: Բայց եթե ես իսկապես սիրում եմ ինչ-որ մեկի, ես սիրում եմ բոլորին, սիրում եմ աշխարհը, կյանքը:

Եթե ես ինչ-որ մեկի ասում եմ, որ սիրում եմ, ապա պետք է ի վիճակի լինեմ ասելու, որ սիրում եմ նրա մեջ ամեն ինչ, որ նրա շնորհիվ ես սիրում եմ ողջ աշխարհն ու ինքս ինձ:

Երեխայի բնավորությունը ծնողների բնավորությունների քանդակն է: Այն զարգանում է որպես նրանց բնավորությունների պատասխան:

Եթե մարդն ունակ է սիրելու լիարժեք կերպով, նա կարող է սիրել նաև ինքն իրեն, իսկ եթե նա ունակ է սիրելու միայն ուրիշներին, նա չի կարող սիրել ընդհանրապես:

Ընդունված է համարել, որ սիրահարվածությունն արդեն սիրո գագաթնակետն է այն դեպքում, երբ իրականում դա սիրո սկիզբն է: Ընդունված է համարել, որ սերը 2 մարդու կախարդական տարվածությունն է միմյանցով, ինչ-որ ինքնաբերաբար կատարվող մի բան:

Այո, միայնությունն ու սեքսուալ ցանկությունները սիրահարվածությունն ավելի թեթև մի բան են դարձնում, և այստեղ կախարդական ոչինչ չկա, սակայն սա այն հաջողությունն է, որն անցնում է նույնքան արագ, որքան որ եկել է: Պատահաբար սիրելիներ չեն դառնում: Սիրելու քո սեփական ունակությունը սեր է հարուցում այնպես, ինչպես հետաքրքրվածությունն է մարդուն հետաքրքիր դարձնում:

Արարել չկարողացող մարդն ուզում է քանդել:

Որքան էլ որ տարօրինակ է, սակայն միայնակ լինելու կարողությունը սիրել կարողանալու պայմաններից է:

Որքան որ կարևոր է խուսափել դատարկ խոսակցություններից, այնքան էլ կարևոր է խուսափել վատ շրջապատից: Ես նկատի չունեմ միայն արատավոր մարդկանց, այլ նաև զոմբի հասարակությանը, ում հոգին մեռած է, չնայած որ մարմինը կենդանի է: Նրանք դատարկ մտքեր ունեցող ու փուչ բառեր արտաբերող մարդիկ են, մարդիկ, որոնք չեն խոսում, այլ շաղակրատում են, չեն մտածում, այլ տարատեսակ կարծիքներ են արտահայտում:

Ցանկացած մարդու մեջ պետք է գտնես ինքդ քեզ, այլ ոչ թե քեզ կորցնես նրա մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել