«Արմենիա» հեռուստաընկերության եթերում մեկնարկել է «I like it» երաժշտական նոր նախագիծը: «Ազիզյանները» սիթքոմից հայտնի Ստեփան Հովհաննիսյանն այս նախագծում ընդգրկված է որպես հաղորդավար: Սա դերասանի համար նոր կարգավիճակ է, որի բարդությունների և հաճելի պահերի մասին պատմել է BlogNews.am-ին: 

«Առաջարկը ստացել եմ նախագծի գլխավոր պրոդյուսեր Իրինա Վարդանյանի կողմից. անսպասելի էր ինձ համար, իհարկե: Նախագծին մանրամասն ծանոթանալուց հետո հասկացա, որ շատ հետաքրքիր է, բայց վախենում էի, որ երեխաների հետ աշխատանքը կարող է բարդ լինել, սակայն առաջին նկարահանումից հետո ինձ ասացին, որ լավ է ստացվում։ Շատ էի ուրախացել»:

Ստեփանը նշում է, որ յուրաքանչյուր նոր առաջարկ ընդունելու որոշումն ինքն է կայացնում. «Այս նախագծում իմ մասնակցության համար ավելի շատ մայրս էր անհանգստանում, հայրս` ոչ: Գիտեք, եթե նախագիծն ինձ դուր չգա, այդ ժամանակ անգամ ծնողներիս կարծիքն իմ որոշման վրա չի կարող ազդել»:

Ստեփանի համար հաղորդավարի կարգավիճակում ներկայանալը նորություն է։ Պատմում է, որ սկզբում վախեր ուներ, որոնք հետո հաղթահարել է. «Վախենում էի, որ միկրոֆոնով խոսելիս իմ ձայնը լրիվ այլ կերպ հնչի, կամ մտածում էի՝ ինչպես եմ սփոփելու երեխաներին: Հիմա վախերս քչացել են, և ավելի հանգիստ եմ: Ինչ վերաբերում է երեխաների հետ շփմանը, ես նախապես գրված հարցեր չեմ տալիս, ամեն ինչ հիմնված է իմպրովիզի վրա»:

Խոսելով գործընկերուհու` Արփի Գաբրիելյանի և իրենց համատեղ աշխատանքի մասին` Ստեփանը նշում է. «Առաջին մի քանի հաղորդումը նայելուց հետո շատերն ասում են, որ մենք հաղորդավարական լավ զույգ ենք և իրար լավ ենք հասկանում: Դա ինձ համար շատ կարևոր է։ Արփիի հետ պարզապես հիանալի է աշխատելը: Ի դեպ, պրոդյուսերները շատ գոհ են մեր աշխատանքից և մյուս եթերաշրջաններում մեր հաղորդավարական զույգը կպահպանվի»:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել