Ավարտվել է վարչապետի և Օպերային թատրոնի ներկայացուցիչների հանդիպումը: Նրանք հանդիպումը գնահատում են արդյունավետ:

Համաձայնություն է ձեռք բերվել վարչապետի հետ, որ Օպերայի թատրոնի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կկատարի փոխտնօրենը: «Դրսից տնօրեն չեն բերելու, փոխտնօրենը կկատարի պարտականությունները, Օրբելյանն էլ կմնա գործադիր ղեկավար»,- ասաց թատրոնի աշխատողներից մեկը:

Նրա խոսքով՝ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազելի Ղարիբյանը շատ մեծ քանակով փաստարկներ է ներկայացրել վարչապետին, թե ինչու չպետք է Օրբելյանը մնա թատրոնի տնօրեն: «Վարչապետը մեզ ասաց, որ մեզ կտա նախարարի պաշտոնակատարի կողմից ներկայացված փաստարկները, և մենք պետք է գրավոր ներկայացնենք մեր հակափաստարկները, ինչից հետո նոր հանդիպում կլինի վարչապետի հետ,- պատմեց վարչապետի հետ հանդիպած թատրոնի ներկայացուցիչը և հավելեց,- պարոն վարչապետն ասաց, որ եթե պարզվի, որ ներկայացրած փաստարկները չեն համապատասխանում իրականությանը, թեկուզ մեկ կետը կեղծ է, անմիջապես ներկայացողը կպատժվի, կազատվի աշխատանքից»:

Նա հավելեց, որ հանդիպման արդյունքները գոհացնում են իրենց:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել