Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 60 տոկոսի հաշվարկից հետո պաշտոնապես հայտարարել է, որ թեկնածուներից ոչ մեկն այլևս չի կարողանա հավաքել ընտրողների ձայների մեծամասնությունը: Երկրում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ, տեղեկացնում է tass.ru-ն:

«Կանցկացվի երկրորդ փուլ, ԿԸՀ-ի առջև շատ հավակնոտ խնդիր է դրված, որովհետև վերջնական արդյունքների ամփոփման և ԿԸՀ-ի կողմից ապրիլի 21-ին երկրորդ փուլի քվեարկության նշանակման վերաբերյալ արձանագրության ստորագրման միջև եղած ժամանակահատվածը բավականին կարճ է»,- երկուշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է ԿԸՀ նախագահ Տատյանա Սլիպաչուկը:

Ժամը 12:00-ի դրությամբ Ուկրաինայի ԿԸՀ-ն մշակել է արձանագրությունների 62,74 տոկոսը: Նախընտրական մրցապայքարի առաջատար Վլադիմիր Զելենսկին մեծացնում է մյուս թեկնածուների և իր ձայների միջև տարբերությունը. նա արդեն ունի ընտրողների քվեների 30,40 տոկոսը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 16,34 տոկոս: Նրան ոչ մեծ տարբերությամբ հետևում է «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն՝ 13,09 տոկոս:

Քվեարկությունն ավարտվել է կիրակի՝ ժամը 20.00-ին: Ուկրաինայի նախագահի ընտրության երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 21-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել