Մեծ Բրիտանիայի տարեց բնակիչ Բոբ Ուեյթոնը պատմել է իր երկարարեցության գաղտնիքների մասին, հաղորդում է Sky News-ը:
Նախօրեին լրացել է տղամարդու 111-ամյակը: Նրա խոսքով՝ ինքը հասել է այդ տարիքին շնորհիվ այն բանի, որ ամեն կերպ փորձել է «խուսափել մահից»:
«Ինձ մոտ էլ, ինչպես բոլոր մոտ, վախեր են եղել, հիվանդացել եմ գրիպով, մրսածությամբ, մալարիայով, 2-3 վիրահատություն եմ տարել և պետք է վաղուց մահացած լինեի»,- ասել է Ուեյթոնը՝ ընդգծելով, որ ինքը մինչև հիմա ողջ է իր պայքարող բնույթի շնորհիվ:
«Շիլան նույնպես օգնում է, ինչպես նաև այնպիսի աշխատանքը, որից հաճույք ես ստանում»,- նշել է տարեց տղամարդը:
Նախկին ինժեներն այժմ 4  զավակ, 10 թոռ և 25 ծոռ ունի: Նրա խոսքով՝ ինքը պատրաստվում էր «կանգ առնել» 111-ի վրա՝ կարծելով, որ դա բավարար է, սակայն այժմ մտածում է ևս մեկ տարի ապրելու մասին:
1908թ.-ին ծնված Բոբը հավելել է, որ իր ապրած կյանքի ընթացքում աշխարհը մեծապես փոխվել է, և միայն մարդիկ են, որ նույնն են մնացել: Ամենամեծ փոփոխությունների շարքում նա նշել է ճամփորդությունների արագությունը. «1933թ.-ին ես նավով Հեռավոր Արևելք՝ Հոնկոնգ գնացի, և դա տևեց 6 շաբաթ: Այժմ ինքնաթիռով կարելի է 8-9 ժամում այնտեղ հասնել»,- ասել է տղամարդը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել