Աշխարհի առավել մեծ հաճախելիություն ունեցող թանգարանների վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է Լուվրը (Փարիզ, Ֆրանսիա), որն անցյալ տարի ընդունել է ավելի քան 10 մլն մարդու: Այդ մասին հայտնել է The Art Newspaper-ը:

Հրատարակությունը նշում է, որ 26 տոկոսով հաճախելիության աճի պատճառներից մեկը դարձել են կատարողներ Բեյոնսեի և Jay-Z-ի երաժշտական հոլովակի նկարահանումները Լուվրում: Երկրորդ տեղում հայտնվել է Չինաստանի ազգային թանգարանը (Պեկին), երրորդում Մետրոպոլիտեն թանգարանն է (Նյու Յորք, ԱՄՆ):

Հնգյակը եզրափակել են Վատիկանի թանգարանը և Թեյթ ժամանակակից պատկերասրահը (Լոնդոն, Մեծ Բրիտանիա): Ընդսմին ուշագրավ է, որ վերջինս նմանօրինակ վարկանիշերում առաջին անգամ առաջ է անցել Բրիտանական թանգարանից, որը հայտնվել է վեցերորդ հորիզոնականում:

Տասնյակում տեղ են գտել նաև Լոնդոնի ազգային պատկերասրահը, Արվեստների ազգային պատկերասրահը (Վաշինգտոն, ԱՄՆ), Պետական էրմիտաժը (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան) և Վիկտորիայի ու Ալբերտի թանգարանը (Լոնդոն, Մեծ Բրիտանիա), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել