14:43

Ընդլանված կազմով հանդիպումը ավարտվեց: Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

14:00

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ մեկնարկեց Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպումը, որն, ըստ օրակարգի, կտևի 2 ժամ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննա էր ժամանել երեկ: Նշենք, որ մինչ այս Փաշինյանն ու Ալիևը շփումներ են ունեցել Մոսկվայում, Դուշանբեում և Դավոսում։ Վիեննայում արարողակարգով հանդիպման տևողությունը սահմանված է երկու ժամ, կողմերը կպահպանե՞ն սահմանված ժամը կամ որքան կտևի հանդիպումը, հայտնի չէ։ Նշենք, որ երկու երկրների հանդիպման համաձայնության մասին համանախագահները հայտարարել էին Երևան այցից հետո։ Նիկոլ Փաշինյանը մարտի 27-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակելու Արցախը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում ներգրավելու շուրջ։ Վարչապետը Ազգային ժողովում շեշտել էր՝ մեկնաբանություններ կան, թե դա ենթադրում է բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ, սակայն դա բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ չէ և չի կարող լինել։ ՀՀ վարչապետը Վիեննայի հանդիպումից երկու օր առաջ ազգային ժողովի ամբիոնից նշել էր, որ առնվազն սկզբնական փուլում այդ հանդիպումները չպետք է կոնկրետ օրակարգ ունենան, պետք է լինի հարցերի լայն շրջանակ և պետք է մտքեր փոխանակեն տարբեր հարցերի վերաբերյալ։ Նշենք նաև,որ համանախագահների միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի առաջին դեմքերի մակարդակով հանդիպում եղել է 2017-ի նոյեմբերին՝ Ժնևում։ Դա Սարգսյան-Ալիև հանդիպումն էր ապրիլյան պատերազմից հետո, այդ հանդիպումից հետո, ըստ էության՝ բանակցությունները սառեցվել էին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել