Aysor.am-ը գրում է.

Կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը, որը վերաբերում է զորացրված զինծառայողների առողջական համալիր փորձաքննությանը։

Փոփոխությունները վերաբերում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքներին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր օրենքով ամրագրել, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու հիմքով զինվորական ծառայությունից արձակված շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողներն անցնում են առողջական վիճակի համալիր հետազոտություն և բժշկական փորձաքննություն՝ զինվորական ծառայությունից արձակվելուց անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան արձակվելուց մեկ օրացուցային ամսվա ընթացքում: Եթե պարզվի, որ զինծառայության ընթացքում զինծառայողի մոտ առողջական խնդիրներ են առաջացել, ապա պետությունը պարտավոր է հոգալ այդ ծախսերը:

Պաշտպանության նախարարության պարզաբանման մեջ նշվում է, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների առողջության պահպանման հետ կապված հարաբերությունները սահմանված են «Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 8-րդ գլխում, որի պահանջների համաձայն՝ զինծառայողներն անցնում են խորացված և հսկիչ-բժշկական քննություն, պլանային բուժզննումներ:

«Խորացված բժշկական քննության են ենթարկվում սպայական, ենթասպայական կազմերի և շարքային կազմի պայմանագրային զինծառայողները, ինչպես նաև պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական ծառայողները` տարեկան 1 անգամ` զինվորական բուժհիմնարկներում, իսկ պլանային բուժզննման են ենթարկվում շարքային կազմի պարտադիր զինծառայողները` տարեկան 2 անգամ` ուսուցման ձմեռային և ամառային փուլերից առաջ: Շարքային կազմի պարտադիր զինծառայողները խորացված բժշկական քննության կարող են ենթարկվել` ելնելով առողջական վիճակից», - նշեց պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը։

Նշվում է նաև, որ մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողներն օգտվում են պետական բյուջեի միջոցների հաշվին երկարաժամկետ վերականգնողական ծրագրերից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Ըստ փոխնախարարի՝ գործող օրենքի համաձայն՝ Զինված ուժերից սահմանված կարգով արձակվելուց հետո ծառայության ժամանակ ծագած հիվանդության և խեղման պատճառական կապի մասին փորձաքննական եզրակացությունները կարող են քննարկվել և հաստատվել զորացրվելուց հետո` 5 տարվա ընթացքում, իսկ զինվորական ծառայության ժամանակ ստացած վնասվածքի պատճառական կապի մասին փորձնական եզրակացությունները քննարկվում և հաստատվում են անկախ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու ժամանակահատվածից:

«Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանված է Հայաս-տանի Հանրապետության կառավարության 2004թ. մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ, որի 1-ին հավելվածի 25-րդ կետի համաձայն՝ բացի հաշմանդամություն ունեցող անձանցից, այդպիսիք են հանդիսանում նաև զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել», - գրված է նախագծում։

Այս ամենը հաշվի առնելով՝ պաշտպանության նախարարությունը որոշեց մերժել «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը, քանի որ վերոնշյալ իրավական ակտերից ակնհայտ է, որ գործող օրենսդրությամբ սահմանված են մի շարք կարգավորումներ զինվորական ծառայությունից հետո առողջական խնդիրներ ունենալու դեպքում անձի առողջական վիճակի հետազոտման և փորձաքննության, դրանց արդյունքներով պատճառական կապի որոշման և առողջական վիճակի վերականգնման գործընթացի վերաբերյալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել