«Ի՞նչ սպասել Վիեննայի հանդիպումից: Դա է Փաշինյան-Ալիև հերթական հանդիպման տեղեկությունից հետո Հայաստանում ամենից հաճախ հնչող հարցերից մեկը, որ դիտարկվում է հասարակական-քաղաքական հարթակներում: Այդ հարցն, իհարկե, հնչում է բարձր մակարդակով բոլոր այդօրինակ հանդիպումների ընթացքում, և գործնականում պետք է արձանագրել, որ հարցը, հավանաբար, Հայաստանի հանրային կյանքում դարձել է մեխանիկա: Մեխանիկա այն իմաստով, որ հասարակության և քաղաքական շերտերի մոտ արցախյան հարցի վերաբերյալ հարցադրումները գործնականում հնչում են այդօրինակ հանգրվանների ելակետով: Եթե Փաշինյանն ու Ալիևը, կամ դրանից առաջ Սարգսյանն ու Ալիևը, կամ Ռոբերտ Քոչարյանն ու Ալիևը հանդիպում են կամ հանդիպելու են, հանրությունը, քաղաքական սուբյեկտները դիտարկում են հարցը, հնչեցնում են՝ ի՞նչ սպասել, ի՞նչ է լինելու: Երբ հանդիպում չկա, մեծ հաշվով, չկա հարցը, կամ չկան հարցեր:

Բազմաթիվ առիթներ են եղել այդ թեմային անդրադառնալու, որ խորքային առումով արցախյան հարցում հայկական պետական քաղաքականության մեջ լրջագույն բացերից մեկը եղել է հարցի ռազմավարական, ուղեղային սպասարկման բացը: Լրացնել այդ բացը, նշանակում է հարցեր տալ ու քննարկել անկախ բարձր մակարդակի հանդիպումներից, կամ հանդիպումային հանգրվաններից ընդհանրապես: Ամբողջ հարցն այն է, որ մենք, որպես հանրույթ, որպես պետական, քաղաքական սուբյեկտների հավաքականություն՝ տարբեր կարգավիճակներով, իշխանականից մինչև ընդդիմադիր, լրատվականից մինչև փորձագիտական և հետազոտական, պետք է դադարենք արցախյան հարցի առնչությամբ «լուծում» փնտրել հանդիպումների մեջ, առանձին, թե շղթայում: Արցախի հարցը մեր այդ հավաքականությունից պահանջում է ոչ թե լուծում, այլ սպասարկում՝ քաղաքական, ռազմավարական, գաղափարական, հայեցակարգային, ստեղծագործական: Հանդիպումները լինելու են մեր այդ գործողությունների արդյունավետության ցուցիչը:

Այլ կերպ ասած, մենք պետք է մտածենք «տնային աշխատանքի» մասին, ըստ այդմ այն մասին, թե ինչ ենք ներկայացնելու աշխարհին՝ թե՛ հանդիպումների ընթացքում, թե՛ արտաքին քաղաքականության ասպարեզում ընդհանրապես: Մի բան, որ հարևան Ադրբեջանում տեղի է ունենում վաղուց, գործնականում բոլոր մակարդակներում: Նրանք հանդիպումներում չէ, որ ինչ-որ բան են փնտրում: Նրանք իրենց փնտրածն ու իրենց կարողությունների չափով գտածն են փորձում կապիտալիզացնել հանդիպումներում: 

Բարեբախտաբար, նրանց այդ ռազմավարությունը չունի ամենակարևորը՝ ժողովրդավարական կարգ և իրականացվում է ամբողջատիրական-ավտորիտար իշխանական համակարգի, խանական համակարգի պայմաններում: Հակառակ դեպքում, Ադրբեջանի ռազմավարությունը՝ հատկապես անցնող քառորդ դարում հայկական կողմի խորքային ռազմավարության բացակայության կամ սխալ ելակետերի պարագայում, Բաքվի համար մինչ այժմ տված կլիներ շատ ավելի շոշափելի արդյունքներ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել