Panorama.am-ը գրում է.

Ավստրայի մայրաքաղաքը ուրբաթ կդառնա Փաշինյան-Ալիև հերթական` չորրորդ հանդիպման վայրը։ Նախորդ 3 հանդիպումները «պատահական» էին ու զրույցի կարգավիճակ ունեին` ներառյալ վերելակային խիստ «տպավորիչ» ու սերտ շփումը։ Վիեննայի հադիպումը, սակայն, պաշտոնական է, և այն կազմակերպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Սպասումներն այս հանդիպումից գրեթե զրոյական են, քանի որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը վերջին 11 ամիսներին միայն կարողացել են խառնել ու էլ ավելի բարդացնել իրավիճակը։

Գուցե նաև սա է պատճառը, որ տեղի ունենալիքը և՛ հակամարտող կողմերը, և՛ միջազգային միջնորդները խուսափում են բանակցություններ համարել։ Իրազեկ կանխատեսումների համար նախ պետք է արձանագրել, թե Փաշինյանն ու Ալիևը ինչ «պաշարով» են գնում հանդիպման։ Եղած սկզբունքները, կարծես, մերժվել են, իսկ նորերը չկան կամ հայտնի չեն։ Արցախի հիմնախնդրի բանակցային կարգավորման պատմության ֆոնին ցցուն երևում է, որ «երբ հանդիպենք` զրուցենք» ֆորմատով շփումներից հետո Ալիևը դադարել է կատարել իր նախորդ գործառույթներից մի քանիսը, բայց դրանք հիմա կատարում է Փաշինյանը։

Ֆունկցիաների ինչ-որ աննախադեպ փոխանակում է տեղի ունեցել։ Նախկինում բանակցությունները խնդրահարույց էր դարձնում ադրբեջանական կողմը` անկապ պայմաններ առաջադրելու միջոցով, հայկական կողմն էլ նման դեպքերում բանակցելն անիմաստ էր դիտարկում` շեշտելով բանակցելու պատրաստականությունը։

Հիմա Ալիևը ձգտում է օր առաջ բանակցել` սպառնալով պատերազմական այլընտրանքով, իսկ Փաշինյանը հետաձգում է բանակցային փուլը` հավանաբար, դերի մեջ մտնելուն պատշաճորեն պատրաստվելու հույսով։ Եթե նախկինում մեր հակառակորդն էր բանակցային ձևաչափը փոխելու փորձեր ձեռնարկում` Մինսկի խմբում Թուրքիային ներգրավելու անհնարինությունից դրդված, ապա հիմա հայկական կողմն է բանակցային ֆորմատի փոփոխությունը առաջնային դարձնում` երբ անքննելի ու անվիճարկելի իրողություն է, որ Արցախի ներգրավումը բանակցային ձևաչափ որոշակի փուլում պարզապես անխուսափելի է։ Ալիևը հանդիպման է գնում Հայաստանի հետ սահմանային ողջ գոտում` Տաուշից մինչև Սյունիք ու Նախիջևան զորքերի հզոր տեղաշարժ կատարած ու նոր ամրություններ պատրաստած։ Թեև. և՛ զինվորների, և՛ զինտեխնիկայի ֆունկցիոնալ պատարաստականության առումով հոգեբանական, մոտիվացիոն, տեխնիկական ու հազար այլ անհաղթահարելի խնդիրները քողակելու հնարավորություն մեր ոխերիմ հարևանը նույնիսկ չունի։

Փոխարենը, Ալիևը «խավիարային» կամ «նավթային» և այլ կարգի բուռն բանակցություններ է ունեցել ազդեցիկ բոլոր «միջնորդների» հետ։ Իսկ Փաշինյանը Վիեննա մեկնելուց առաջ թեև բուռն միջազգային հանդիպումների տպավորություն առաջացրեց, սակայն դրանք երրորդական մակարդակում էին ու միանգամայն անպտուղ։

Հինգշաբթի ԱԺ-ում հնչեցրած դժգոհությունն էլ ԱՄՆ-ի վերաբերմունքից` հաստատեց, որ այդպես էլ չի ստացել Թրամփի վարաչկազմի ուշադրությունը։ Բացահայտ է նաև, որ գործող թավշյա ռեժիմը դուրս է մնացել նաև Ֆրանսիայի, ինչպես նաև ողջ եվրոպական դիվանագիտության ու իսթեբլիշմենթի տեսադաշտից։ Ուստի, հանդիպման գնալուց առաջ ԱԺ-ում պատեհությամբ բարձրացրած «աղմուկը» միայն Կրեմլում լսելի դառնալու նպատակն ուներ։ Իսկ որ իրեն լքած դեսպանի պատվերով ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում առաջացրած քաոսը հիմնավոր է սասանել Փաշինյանի նկատմամբ Կրեմլի վստահությունը, անկասկած է։ Իհարկե, Կրեմլում Փաշինյանին չվստահելու պատճառներն ու հիմքերը շատ ավելի խորն են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել