Operativ.am-ը գրում է․

Հնդկական հրթիռը հաջողությամբ երկրամերձ ուղեծրում արբանյակ է խոցել, ասել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով NDTV հեռուստաալիքին։

«Հնդկաստանն այժմ խոշոր տիեզերական տերություն է։ Երեք րոպեից պակաս ժամանակում Հնդկաստանում արձակված հակաարբանյակային հրթիռը խոցել է արբանյակ երկրամերձ ուղեծրում»,- ասել է վարչապետը՝ հանդես գալով հեռուստադիմումով։

Վարչապետն այս իրադարձությունն անվանել է պատմական։ Նրա խոսքով՝ մինչ այդ միայն երեք երկիր աշխարհում՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Չինաստանն են հասել նման հաջողության։

Մոդիի խոսքով՝ արբանյակը, որը խոցել է հրթիռը «Շաքթի առաքելության» շրջանակում, գտնվել է երկրից 300 կմ բարձրության վրա։ Վարչապետն ընդգծել է, որ առաքելությունն ուղղված չէ որեւէ կոնկրետ երկրի դեմ եւ չի հակասում միջազգային կոնվենցիաներին ու համաձայնագրերին։

Հնդկաստանը զարգացնում է սեփական տիեզերական ծրագիրը 1947-ից, երբ անկախություն է ձեռք բերել։ Աշխատանքը տարվում է տիեզերական հետազոտությունների կառավարական դեպարտամենտի ղեկավարությամբ։ Տարբեր կազմակերպությունների եւ ընկերությունների համակարգման աշխատանքների անմիջական կազմակերպումը, ինչպես նաեւ հրթիռատիեզերական տեխնիկայի ստեղծումը դրված է ISRO-ի վրա (մինչեւ 1969 թվականը՝ Հնդկական տիեզերական հետազոտությունների ազգային կոմիտե)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել