168.am-ը գրում է․

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն այսօր ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հետաքրքրվեց, թե արդյո՞ք չպետք է ապրիլի 2-ը պաշտոնապես ճանաչվի՝ որպես 2016 թվականի ապրիլյան պատերազմի հիշատակի օր։

Պատգամավորը նաև առաջարկեց, որ այդ հարցը ներառվի Կառավարության առաջիկա նիստի օրակարգում։

Վարչապետ Փաշինյանը նշեց, որ այժմ երկիրը մի կոնֆլիկտի մեջ է, որտեղ պարբերաբար տեղի են ունենում կոնֆլիկտի սրացումներ, բռնկումներ, էսկալացիաներ՝ սրելով իրավիճակը։

«Հասկանալով իրավիճակը և հնարավոր համարելով, որ այդ օրը լինի հանրային ընկալմամբ նաև հիշատակի օր, կարծում եմ՝դրանք պաշտոնապես արձանագրելուց պետք է որոշակի զգուշավորություն ցուցաբերենք, քանի որ 2016 թվականին ունեցել ենք շատ մեծ էսկալացիա, բայց դրանից առաջ էլ ունեցել ենք էսկալացիաներ, որտեղ եղել են զոհեր։ Ցավոք, տարբեր հատվածներում ունենում ենք զոհեր և այս առումով պետք է մեր օրացույցին խնամքով վերաբերվենք։ Կարծում եմ՝ մայիսի 8-ը շատ պատեհ օր է՝ որպես Շուշիի ազատագրման օր, և չեմ կարծում, որ այդ օրը խորհրդանշում է միայն Շուշիի ազատագրման օրը, այն խորհրդանշում է հայրենիքի ազատագրման համար բոլոր զոհվածների հաղթական առաքելությունը»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ ապրիլի 2-ին պետք է պատշաճ հիշատակի տուրք մատուցվի, բայց պաշտոնապես այդ օրն արձանագրելու հետ կապված այդքան էլ վստահ չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել