Եթե տղաներն առանձնապես չեն անհանգստանում իրենց արտաքինի համար, աղջիկների դեպքում ամեն բան այլ է. նրանք փորձում են նմանվել իրենց մայրիկներին. գեղեցիկ զգեստներ են հագնում և հարդարում մազերը դեռ մանկուց։ Սովորեցնել երեխային գեղեցիկ տեսք ունենալ ոչ պակաս կարևոր է, քան հիգիենայի կանոնները նրա մեջ ներարկելը, հատկապես եթե երեխան աղջիկ է։ Իսկ ի՞նչ պետք է փոքրիկ գեղեցկուհին յուրացնի դեռ վաղ տարիքից՝ պարզենք միասին։ Պատասխանը շատ պարզ է. հիգիենայի հիմնական կանոնները։

1. Կանոնավոր մաքրել ատամները

Ժպիտը կնոջ լավագույն զարդերից մեկն է։ Որպեսզի հետագայում ատամներն առողջ լինեն, պետք է խնամել դրանք դեռ կաթնատամներից սկսած։ Երեխային մատչելի ձևով բացատրեք, որ սննդի մնացորդները կարիեսի են հանգեցնում, որը ոչ միայն գեղեցիկ չէ, այլ շատ ցավոտ է, իսկ մանրէները տհաճ հոտ են առաջացնում բերանի խոռոչում։

2. Լվացվել

Նուրբ մանկական մաշկը շատ լվանալու կարիք չունի, բայց լվացվել, ամեն դեպքում, պետք է երեխային սովորեցնել դեռ մանկուց։ Երբ երեխան սովորում է մաքուր պահել դեմքը, ոչ միայն հետագայում խուսափում է դեռահասության տարիքին համապատասխան մաշկային խնդիրներից, այլև, ամենօրյա լվացվելը արարողություն դարձնելով, հետագայում երկարացնում է մաշկի երիտասարդությունն ու առողջությունը։

3. Ձեռքերը լվանալ

Մաքուր ձեռքերն ընդհանուր առողջության գրավականն են։ Բացատրեք երեխային, որ ձեռքերը պետք է լվանալ ոչ միայն այն ժամանակ, երբ դրանք կեղտոտ են, և դա երևում է անզեն աչքով։ Դա պետք է անպայման անել նաև զուգարանից հետո, ուտելուց առաջ, փողոցից տուն գալով։

4. Խնամել եղունգները

Չկա ավելի տհաճ բան, քան չխնամված եղունգները՝ կեղտոտ, կոտրված, անհավասար աճած։ Մանկուց սովորեցրեք աղջկան, որ դրանք պետք է մաքուր և խնամքով կտրված լինեն։ Փորձեք վերացնել նրա մոտ եղունգները կրծելու սովորությունը։

5. Պահպանել ինտիմ հիգիենան

Մանկուց պետք է սովորեցնել աղջկան ոչ միայն կանոնավոր կերպով, այլև ճիշտ լվանալ իր մարմնի ինտիմ հատվածները (մանրէների բազմացումից և տհաճ հոտից խուսափելու համար)։ Հատկապես կարևոր է հիգիենան դեռահասության տարիքում և դաշտանի ժամանակ։

Ցանկացած աղջկա համար լավագույն օրինակն իր մայրն է՝ գեղեցիկ, խնամված, լավ բույրով և լավ հագնված նույնիսկ տնային պայմաններում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել