168.am-ը գրում է.

Հայաստանը չի կարող Իսրայել արտահանձնել իր քաղաքացի Մերի Աղաջանյանին, ով Իսրայելում դատապարտվել էր խարդախության համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նախարարի խոսքով`ՀՀ Սահմանադրությունն արգելք է նախատեսում ՀՀ քաղաքացիների արտահանձնման վերաբերյալ:

«Մենք հիմա աշխատանքներ ենք տանում դատական ակտերի փոխադարձ ճանաչման ուղղությամբ: Եթե նման հնարավորություն լինի, բնականաբար, դատական ակտը պետք է ճանաչվի: Այս պահին արտահանձման մասին խոսք չի կարող լինել: ՀՀ քաղաքացիներին արգելված է արտահանձնել այլ երկրներ»,-ասաց նախարարը:

Մարտի  2–ին «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Թբիլիսի–Երևան չվերթի ուղևոր Մերի Աղաջանյանին, որը հետախուզվում էր Իսրայելի իրավապահ մարմինների կողմից` խարդախության կատարելու մեղադրանքով:

Ինչպես հաղորդում են իսրայելական ԶԼՄ–ները, Աղաջանյանը եղել է զբոսաշրջության նախարար Ստաս Միսեժնիկովի գրասենյակի պետը։ Գործի նյութերի համաձայն՝ նա կաշառքի դիմաց առանց հերթի սոցիալական բնակարան է խոստացել նոր հայրենադարձներին (ռուսալեզու կենսաթոշակառուներին): Խարդախության ճանապարհով ստացված միջոցները կազմել են մի քանի հարյուր հազար շեքել (1 շեքելը` 0,28 դոլար):Իսրայելում նա դատապարտվել է 26-ամսյա բանտարկության խարդախության համար։

Քանի որ Հայաստանի և Իսրայելի միջև չկա արտահանձնելու մասին երկկողմ պայմանագիր, ապա հարցը կանոնակարգվում է քրեական գործերում փոխադարձ իրավական օգնության մասին եվրոպական կոնվենցիայի շրջանակում:

Սահմանադրության 55 հոդվածի 2–րդ կետն ասում է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող հանձնվել արտասահմանյան պետությանը` բացառությամբ դեպքերի` նախատեսված Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել