Ապրիլի 5-ին՝ ժամը՝ 19։00-ին, Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Արարատյան Հայրապետական թեմի «Գանձեր» քառաձայն երգչախմբի մենահամերգը՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակին։ Համերգային ծրագիրն իրականացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Սան Ֆրանցիսկո համայնքի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Աշի և նրա համայնքի ֆինանսավորմամբ: Համերգային մի մասն էլ իրականացվում է Սուրբ Աննա եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի նյութական աջակցությամբ: «Գանձեր» քառաձայն երգչախմբի խմբավարն է Նարինե Հայրապետյանը, ով հսկայական աշխատանք է իրականացնում, իսկ նրա օրոք երգչախումբը մեկ այլ բարձունք ունեցավ:   

««Գանձեր»» երգչախումբը կազմավորվել է 2015 թվականին սիրողական երգի դասընթացի հիման վրա: Սուրբ Աննա եկեղեցում կազմակերպում էինք հոգևոր դասընթացներ հավատացյալների համար, հետո որոշեցինք երգչախումբ կազմավորել պրոֆեսիոնալ երգչուհիների հետ: 2016 թվականին ստեղծված երգչախումբը շատ հաջողություններ ունեցավ՝ համերգային ծրագրերով հանդես գալով թե՛ Հայաստանում և թե՛ Հայաստանի սահմաններից դուրս: Անցած տարի Աղթամարի Սուրբ Խաչում Թուրքիայի կառավարության իշխանության կողմից տարին մեկ արտոնվող պատարագին երգեցողությունն իրականացրեց մեր երգչախումբը»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց երգչախմբի հիմնադիր Վոլոդյա սարկավագ Նաջարյանը:  

Համերգային ծրագրում հնչելու են հոգևոր, դասական, ազգային երգեր և կաթոլիկ ուղղափառ եկեղեցու շարականներ: Վոլոդյա սարկավագ Նաջարյանը նշում է, որ Հայաստանից դուրս ևս փորձում են տարածել հոգևոր երաժշտությունը. «Մենք ծրագրում ենք այս տարի լինել Իսրայելում, Երուսաղեմում և ոչ միայն: Ժամանակին ունեցել ենք հրավեր Գերմանիա, Լեհաստան մեկնելու: Մեր նպատակն է հայ հոգևոր երաժշությունը, ինչպես նաև դասականը տարածել Հայաստանից դուրս: Նպատակ կա կենտրոնանալու նաև մարզերի վրա․ նրանք կարոտ և ծարավ են մնում հայ հոգևոր և դասական երաժշտությանը: Մենք նպատակ ենք դրել, որ երգչախումբը տարվա ընթացքում ելույթ ունենա նաև մարզերում, ինչպես նաև մեր երգչուհիներին գործուղենք մարզեր՝ սիրողական երգչախմբերի խմբակներ ստեղծելու փոքրիկ երեխաների համար»:

Հարցին՝ որքանո՞վ է ակտիվ երիտասարդների ներգրավածությունը, Վոլոդյա սարկավագ Նաջարյանը պատասխանում է. «Երբ երգչախումբը կազմավորեցինք սիրողական երգի դասընթացների հիման վրա, ես հույս չունեի, որ լսարանը կմեծանա: Սկզբում գալիս էին տասը հոգի, հետո արդեն կամաց-կամաց այնպես ստացվեց, որ սիրողական դասընթացների մասնակիցների թիվը հասավ ութսունի, ապա՝ հարյուրի: Ամբողջ եկեղեցին լեփ-լեցուն էր: Գերակշիռ մասը երիտասարդներ են, նրանք ցանկություն ունեն լսելու հայ հոգևոր երաժշտությունը, ինչպես նաև ինչ-որ շարական սովորելու»:

Նշենք, որ ապրիլի 5-ին՝ ժամը 19։00-ին, Կամերային երաժշտության տանը տեղի ունեցող համերգի մուտքն ազատ է:   

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել