Երեկ ԱԺ-ում իմ արած հայտարարությունից հետո Զավեն Գրիգորյանի փաստաբան Տիգրան Եգորյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ներկայացրեց ինչպես առողջապահական ոլորտում, այնպես էլ մարդու իրավունքների ոլորտում պետական քաղաքականության և պետական մարմինների գործունեության մի շարք լուրջ խնդիրներ:

Եթե այսօր պրոֆեսիոնալ իրավաբանական օգնություն ստացող և պետական պատվերի շրջանակում բուժում ստանալու իրավունք ունեցող քաղաքացին, տվյալ դեպքում՝ Զավենը, չի կարողանում ստանալ պատշաճ (համակարգված և ամբողջական) բժշկական օգնություն, շուրջ 20 օր չեն կարողանում ամբողջական և ճշգրիտ ախտորոշում ապահովել, որոշ բժշկական կենտրոններում բուժօգնության դիմած քաղաքացուն կա՛մ դուրս են շպրտում, կա՛մ առաջարկում դժգոհությունների դեպքում կամավոր «դուրս շպրտվել», անկողնային հիվանդից պահանջում են ինքնուրույն ձեռք բերել անհրաժեշտ դեղորայքը, կարելի է պատկերացնել, թե ինչ վիճակում են հայտնվում բժշկական օգնության դիմած այլ անձինք: 

Երբ Տիգան Եգորյանը հրապարակում է փաստ, որ Զավենից պահանջում են մեկ շաբաթվա հիվանդասենյակի վճարը, իսկ նախարարը հրապարակում է իր հրամանը, թե նման հարց չկա, ակամայից հիշում ես՝ «փաստաթղթերով, ինչպես միշտ, ամեն ինչ կարգին է» հայտնի արտահայտությունը:

Բնականաբար, ժանրի բոլոր կանոնների համաձայն, իմ հայտարարությանը հետեւեց ֆեյսբուքյան գրոհը՝ «90 տոկոս ֆեյք, 10 տոկոս իրական օգտատեր» մշտական համամասնությամբ։

Եւ վերջում մի բարեկամական հորդոր․ ամեն պատեհ-անպատեհ առիթով «հեղափոխություն» բառը մի շահարկեք եւ ընդամենը բարձրացված մտահոգությունը, որի վերաբերյալ Զավենի փաստաբան Տիգրան Եգորյանի պարզաբանումը, կարծում եմ, տվեց բոլոր անհանգիստների պատասխանը, ընդունեք ի գիտություն եւ միասին փորձենք լուծել խնդիրները։

Ի վերջո, քննադատության հանդեպ հանդուրժողականությունը ոչ միայն բարեկրթություն է, այլեւ քաղաքական հասունություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել