168.am-ը գրում է.

Բրիտանացի Դեւիդ Ռոուզն աղբանոցում, որտեղ նա աշխատում է արդեն 15 տարի, գտել է ցիլինդր, սիգար եւ ծխախոտատուփ, որոնք պատկանել են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլին: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:

Ռոուզը գտել է նաեւ քաղաքական գործչի կողմից ստորագրված լուսանկար եւ Չերչիլի անձնական խոհարարուհու 200 նամակները, որոնք նա ամեն օր գրել է իր որդուն: Դրանցում կինը պատմել է վարչապետի առօրյա կյանքի մասին:

Իր գտածոյի մասին Ռոուզը պատմել է BBC հեռուստաալիքի ծրագրի եթերում, որտեղ փորձագետները գնահատում են իրենց ներկայացված անտիկվարիատի արժեքը: Նրանք հավաստել են գտնված իրերի իսկությունը՝ դրանք գնահատելով 10 հազար ֆունտ ստեռլինգ:

Ուինսթոն Չերչիլը Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 1940-ից մինչեւ 1945 թվականը, իսկ այնուհետեւ 1951-ից մինչեւ 1955 թվականը: Նա Պահպանողական կուսակցության անդամ էր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել