Ապագա հայրերի ծխելու մոլությունը բացասական ազդեցություն է թողնում սերնդի առողջության վրա՝ զգալիորեն մեծացնելով սրտի բնածին արատների զարգացման ռիսկը: Այս եզրակացությանն է հանգել չինացի գիտնականների խումբը կատարված հետազոտությունից հետո, որի արդյունքների մասին հայտնել է ScienceDaily գիտական նորությունների կայքը:

Չանշա քաղաքի (Հունանի նահանգ, Կենտրոնական Չինաստան) Հարավային կենտրոնական համալսարանի մասնագետները վերլուծել են ավելի քան 125 հետազոտությունների տվյալները, որոնց մասնակցել է շուրջ 8,8 միլիոն մարդ՝ ներառյալ 137,5 հազար երեխա՝ սրտի բնածին արատով:

Լրատվամիջոցը նշում է, որ փորձագետներն առաջին անգամ են ուսումնասիրել կապն ապագա հայրերի ծխելու, մայրերի պասիվ ծխելու և նրանց նորածին երեխաների մոտ սրտի արատների առաջացման ռիսկի միջև:

Արդյունքները ցույց են տվել, որ ինչպես ապագա հայրերի, այնպես էլ ապագա մայրերի ծխելու հակումն զգալիորեն մեծացնում է սրտի արատով երեխաների ծնվելու հավանականությունը: Ըստ որում՝ այդ կործանարար սովորության առկայությունը հայր դառնալ պատրաստվող տղամարդկանց մոտ զավակների սրտի բնածին արատի զարգացումը մեծացնում է 74 տոկոսով, իսկ հղի կանանց ծխելու հակումը՝ 25 տոկոսով: Գիտնականները նաև պարզել են, որ նորածինների առողջությանն ամենամեծ վնասը հասցրել է ապագա մայրերի պասիվ ծխելը: Նրանց երեխաների մոտ սրտի բնածին արատների առաջացման հավանականութունն աճել է 124 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել