Հայ-հունական պապիրուսը, որը գտնվել է Եգիպտոսում XIX դարի վերջին, բովանդակում է հայատառ հունարեն տեքստ: Այն թվագրվում է V-VII դարերին: Պահպանված հնագույն ձեռագիրը, որը միակ հայատառ պապիրուսն է, հենց այդ պատճառով կոչվում է պարզապես «Հայկական պապիրուս»:

Պպաիրուսը XIX դարի վերջին ձեռք է բերել ֆրանսիացի գիտնական Օգյուստ Կարիեն մի արաբ վաճառականից: Վերջինս չի բացահայտել ապրանքի ծագումը, սակայն Կարիեն ենթադրում է, որ այն հայտնաբերվել է Էլ Ֆայումում կատարված պեղումների ժամանակ: 1892 թ. նա գտածոյի մասին հայտնել է Վիեննայի և Վենետիկի հայ մխիթարականներին՝ ուղարկելով նրանց պապիրուսի մի հատվածի լուսանկար:

Մխիթարականներն ակտիվորեն զբաղվում էին դրա ուսումնասիրմամբ. տեքստի առաջին հատվածները հրապարակվել են Ղ. Ալիշանի կողմից 1892 թ., իսկ 1897-98 թթ. դրա վերաբերյալ հոդվածներ է գրել Յ. Թաշյանը, ով հետազոտում էր այս ձեռագրի նշանակությունը հայկական պալեոգրաֆիայի մեջ: Այս ուսումնասիրությունները կատարվել են հայերենով և անմատչելի են եղել միջազգային հասարակությանը:

1930-ականներին գտածոյի հանդեպ հետաքրքրասիրություն ցուցաբերեցին շվեյցարացի հայագետ Շորժ Կուենդեն, բելգիացի լեզվաբան Մորիս Լերոյը և պապիրոլոգ Կլեր Պրեոն, սակայն պապիրուսն այդ ժամանակահատվածում կորավ: Չկարողանալով այն հայտնաբերել՝ վերջիններս սկսեցին ուսումնասիրել նախկինում արված դրա լուսանկարը և հրապարակեցին ապակոդավորման առաջին արդյունքները:

1993 թ. պապիրուսը կրկին գտնվեց ամերիկացի գիտնական Տիգրան Կոյումջյանի կողմից Փարիզի ազգային գրադարանի արևելյան ձեռագրերի բաժնում: Այս անգամ ձեռագիրը հայտնվեց լայն ակադեմիական շրջանների ուշադրության կենտրոնում: Տեքստի մանրամասն հետազոտությամբ սկսեցին զբաղվել Կոյումջյանն ու բրիտանացի լեզվաբան Ջեյմս Քլաքսոնը:

Հաշվի առնելով, որ ձեռագիրն ակնհայտորեն գրվել է Բյուզանդական Եգիպտոսում, դրա ստեղծման ամենաուշ հավանական թվականը պետք է համարել 640 թվականը, երբ արաբները նվաճեցին Եգիպտոսը: Իսկ ամենաբնական ամենացածր ժամանակը կարելի է համարել հայկական այբուբենի ստեղծումը՝ 405 թ.: Պապիրուսի բովանդակությունը ևս դրա ստեղծման ժամանակահատվածի մասին ոչ մի հստակ նշում չի պարունակում:

Համեմատելով պապիրուսը վաղ միջնադարյան գրառումների հետ՝ Կոյումջյանը եկել է եզրակացության, որ ձեռագրի տառերի գրելաձևն առավել նման է V դարի ձեռագրերի տառերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել