Tert.am-ը գրում է.

Եթե ԱՄՆ բոլոր նահանգներն էլ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, դա չի նշանակի, որ ԱՄՆ իշխանությունները կճանաչեն 1915թ.-ի եղելությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի ԿԿ ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանը՝ խոսելով այն մասին, որ ԱՄՆ 50 նահանգներից 49-ը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

«Նահանգների ճանաչումը հետևանք չի ունենա դաշնակցային մակարդակի ճանաչման վրա: Սա զուտ բարոյական արժեք ունի, որ ասենք, որ բոլոր նահանգները ճանաչված են: Կան նահանգներ, որտեղ հայությունը մեծ ներկայություն չունի, դրա համար աշխատանքներն ավելի դանդաղ են ընթանում և այդ նահանգները ուշ են ճանաչում ցեղասպանությունը, կամ, ինչպես Միսիսսիփին, դեռ չի ճանաչել»,- ասաց Հովսեփյանը:

Ըստ ՀՅԴ ներկայացուցչի՝ Թուրքիայի վրա անուղղակի ազդեցություն է ունենում ցանկացած նահանգի կամ պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

«Նույնիսկ եթե Հայոց ցեղասպանության ոճիրն իր ամբողջ բարոյական արժեքով գլխավոր պատճառը չէ, որ Եվրոպան մերժի Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը, բայց այն, որ դա գործիք է ԵՄ ձեռքին, որ Անկարան կատարի որոշումները, փաստ է: Կարծում եմ, որ սա ճնշում է Թուրքիայի վրա: Բացի այդ, Հայոց ցեղասպանության ճանաչման ճիգերը պետք է միշտ օրակարգում լինեն: Սրանք աստիճաններ են՝ հետագայում պահանջներ դնելու և հատուցման օրակարգը առաջ տանելու համար»,- նշեց Վիգեն Հովսեփյանը:

Վերջինս նշեց, որ համաձայն է այն տեսակետների հետ, որ Հայաստանի նոր իշխանությունների համար արտաքին քաղաքական օրակարգում «Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ քաղաքականություն վարելու հերթը չի հասել», որովհետև կան այլ խնդիրներ, կան մարտահրավերներ:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների խնդիր կա, կան տնտեսական խնդիրներ և այլն: Այս բոլոր խնդիրներից հետո կարծում եմ հերթը կգա ցեղասպանության ճանաչման շուրջ տարվելիք աշխատանքին: Չեմ կարող պատկերացնել, որ կարող է լինել որևէ իշխանություն, որ այս օրակարգը մոռանա: Պարզապես հերթը չի հասել: Բայց ասեմ, որ դեսպանների մակարդակով աշխատանք տարվում է»,- նշեց Հովսեփյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել