Telegram մեսենջերը օգտատերերին թույլատրել է հեռացնել անձնական ամբողջ նամակագրությունն ինչպես իրենց, այնպես էլ զրուցակիցների մեսենջերից առանց վաղեմության ժամկետի: Այդ մասին մարտի 24-ին իր ալիքում հայտնել է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը:

«Այսօրվանից մենք բոլոր օգտատերերին թույլ կտանք ցանկացած հաղորդագրություն երկուստեք հեռացնել մասնավոր նամակագրության մեջ: Նշանակություն չունի, թե ով եւ երբ է ուղարկել հաղորդագրությունը, դուք կարող եք ամբողջությամբ դա վերահսկել: Դուք նույնիսկ կարող եք ջնջել երկու կողմի ամբողջ խոսակցությունը, եթե ցանկանաք»,- գրել է Պավել Դուրովը:

Ավելի վաղ կարելի էր հեռացնել միայն սեփական հաղորդագրությունները, որոնք ուղարկվել էին վերջին 48 ժամվա ընթացքում:

Դուրովը նաեւ նշել է, որ մշակողները նկատի են առել նոր գործառույթի հնարավոր չարաշահումների եւ իրենց գրագրության անխաթարության հետ կապված օգտատերերի անհանգստությունը: «Մենք մանրակրկիտ քննարկել ենք այդ խնդիրը, բայց կարծում ենք, որ թվային տարածքում իրենց հետքերի նկատմամբ հսկողության առավելությունն ավելի կարեւոր է»,- գրել է Դուրովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել