Armenpress.am-ը գրում է.

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նախարարության աշխատակազմի հետ միասին համապետական մաքրության օրվա միջոցառումների շրջանակներում աղբահավաքման ու աղբահեռացման աշխատանքներ է իրականացնում Ծաղկունք համայնքի շրջակա տարածքում և ճանապարհամերձ հատվածներում (Երևան-Արմավիր մայրուղի)։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից տեղեկացնում են, որ կարևորելով մաքրության միջոցառումների նշանակությունն ու քաղաքացու մոտ այս ուղղությամբ վարքագծային փոփոխությունների անհրաժեշտությունը՝ նախարար Պապիկյանն ընդգծել է, որ սա կարևոր մեկնարկ է, որով պետք է համառորեն առաջ շարժվել և հանրապետությունը մաքրել աղբից:

«Մենք պետք է ինքնակազմակերպվենք ու մեր շրջապատի մաքրությունն ապահովենք ամենօրյա աշխատանքի միջոցով, որովհետև յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է հարգանքով ու հոգատարությամբ վերաբերվել սեփական հայրենիքի և շրջակա միջավայրի ամեն մի անկյունի նկատմամբ: Միայն մաքուր բակ, մաքուր համայնք և մաքուր երկիր ունենալու դեպքում մենք կկարողանանք արձանագրել այլ իրականություն և մտածողության այլ տեսակ»,- ասել է նախարարը։

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն հայրենակիցներին, ովքեր արձագանքել են նախարարության կոչին և իրենց պարտքն են համարել ներդրում ունենալ շրջապատի մաքրության գործում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել