Armenpress.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել նախատեսված ժամից ավելի ուշ, քանի որ վարչապետը, տեսնելով թատրոնի նոր շենքի շրջակայքում կուտակված աղբը, նշել է, որ այդ պայմաններում չի պատրաստվում մասնակցել հիմնարկեքի արարողությանը և սկսել է անձամբ հավաքել աղբը: Նրան են միացել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, թատրոնի դերասանները, շինարարները:

«Ամեն ինչ պետք է մաքուր լինի, չի կարելի գալ, աղբի մեջ կանգնել և հանդիսավոր միջոցառում անցկացնել: Սոս Սարգսյանի հիշատակը աղբի մեջ չենք հարգում, ձևը կա, բովանդակությունը՝ ոչ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ պահանջի խնդիր չէ, ինքնազգացողության խնդիր է, հեղափոխությունը վարչապետի փոփոխություն չէ, այլ քաղաքացու ինքնազգացողության փոփոխություն: «Եթե քաղաքացու  ինքնազգացողությունը չի փոխվել իմ այնտեղ գտնվելը զրո իմաստ ունի: Դարպասի հետեւը ծխուկների շերտ է, բոլորին տուգանե՞նք՝ ի՞նչ անենք։ Հիմա այնպես չլինի, որ քաղաքացիներին դատափետում ենք, բայց այսպես տխուր է»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ օրեր առաջ է եղել Ռանչպար գյուղում: «Պատուհանից ուր նայում եմ աղբ է, մի տեղ կուտակված չի, ամբողջ ճանապարհի եզրին աղբ է։ Առաջինը ծխել չգցելն է, չթափելը, դեռ պետք է այսքանը կարողանանք անել։ Տեսնելով աղբը՝ պետք է կողքով չանցնենք»,- ասաց վարչապետը։

Երբ թատրոնի նոր շենքի շրջակայքը հավաքվեց՝ վարչապետը մասնակցեց հիմնարկեքի արարողությանը: Խորհրդանշական գլանակը շենքի հիմքում դրեցին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և թատրոնի տնօրեն Արման Նավասարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել