Ըստ բրիտանական բարեգործական ընկերության զեկույցի՝ Միացյալ Թագավորությունում մոտ 320 000 անօթևան է բնակվում, որոնց մեծամասնությունը՝ մայրաքաղաքում: Այս մասին գրում է Boredpanda.com-ը՝ ներկայացնելով կարեկցանքի և միմյանց հանդեպ հոգատարության դրսևորման մի դեպք, որի շնորհիվ անօթևանների թիվը գոնե մեկով կրճատվել է:

Վերջերս 16-ամյա Շառլոտ Հովարդը մի գրառում է նկատել Հասթինգս քաղաքի փողոցներում: Գրառման հեղինակը 37-ամյա Էնթոնի Ջոնսոնն էր, որը 9 տարի անօթևան է եղել և բնակվել է վրանում: Այն ասում էր. «Աշխատանք եմ փնտրում: Անվճար փորձաշրջան կանցնեմ:

Թմրանյութեր չեմ օգտագործում, չեմ խմում: Կարող եմ խնամել շանը, զբոսանքի տանել, լվանալ պատուհանները, մեքենան, խնամել այգին, անել տնային աշխատանք, պատրաստել, ցանկացած աշխատանք արժանապատիվ ապրուստ վաստակելու համար: Օգնեք՝ փոխեմ կյանքս»:

Տեսնելով այդ տողերը՝ Շառլոտը լուսանկարում է յուրատեսակ հայտարարությունը և հրապարակում իր ֆեյսբուքյան էջում: Հայտարարությունը գրավում է այգեպանի ուշադրությունը, որն էլ աշխատանք է առաջարկում տղամարդուն:

Բացի այդ՝ Շառլոտին հաջողվել է ավելի քան 1000 ֆունտ ստերլինգ հավաքագրել և ծածկասայլ գնել Էնթոնիի համար, որտեղ նա կարող է բնակվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել