Անգլիայի Բեդֆորդշիր կոմսության փոքրիկ բնակչուհի 6-ամյա Լուլուն պայքարում է ծանր հիվանդության դեմ։ Աղջիկը հիվանդ է նեյրոբլաստոմայով՝ խիստ չարորակ ուռուցք, որը բնորոշ է հիմնականում վաղ մանկական տարիքի երեխաներին։ Քաղցկեղի այս տեսակը բուժվում է քիմիաթերապիայի բարձր չափաբաժնով, իմունաթերապիայով և բնաբջիջների պատվաստմամբ, ընդ որում՝ բարձր ռիսկի խմբի հիվանդների 5 տարի ողջ մնալու հավանականությունը մոտ 50% է, հաղորդում է New York Post-ը։

Փոքրիկ Լուլուն ուռուցքը հեռացնելու նպատակով 8 ժամ տևողությամբ վիրահատության է ենթարկվել, անցել է քիմիաթերապիայի մի քանի կուրս։ Հիմա աղջիկը իմունաթերապիա է անցնում, բայց ծնողները ցանկանում են նրան տանել Նյու Յորք, որտեղ հակաքաղցկեղային պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ են կատարում։ Այդ նպատակով անհրաժեշտ միջոցներ հավաքելու համար մի քանի բարեգործական մարաթոն է կազմակերպվել։ Իր ավանդն է ներդրել նաև Լուլուի դպրոցական ընկերը՝ Օյսինը, որն ամեն կերպ աջակցում է աղջկան այս ծանր փուլում։

Օյսինն ինքնատիպ աճուրդ է հայտարարել և խոստացել է լրիվ սափրել գլուխը։ Տղայի հուզիչ արարքը լայն արձագանք է գտել և ավելի քան 2 հազար ֆունտ է հավաքվել։ «Հիմա ես նման եմ քեզ»,- ասել է տղան Լուլուին գլուխը սափրելուց հետո։

Օյսինն ամեն կերպ ջանում է օգնել Լուլուին, որին իր լավագույն ընկերն է համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել