«Հայաստանում անցումային արդարադատության իրականացման գաղափարը կամաց-կամաց միս ու արյուն է ստանում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ շաբաթվա ընթացքում այդ նպատակով կստեղծվի հատուկ հանձնաժողով, որի կազմում լինելու են ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, նաև ներկայացված է լինելու քաղաքացիական հասարակությունը:

Ըստ մեր աղբյուրների` իշխանությունները նախատեսել են նաև հարցի վերաբերյալ լայն հանրային քննարկում անցկացնել, որպեսզի գաղափարը պարզ լինի մարդկանց: Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն անցումային արդարադատության մասին խոսեց վարչապետ ընտրվելուց հետո: Անցումային արդարադատության իրագործման գաղափարի անհրաժեշտությունն այդ օրերին շեշտել էր նաև ՀԱԿ-ը՝ հատուկ հայտարարություն տարածելով այդ մասին: 

Կառավարությունում դրանից հետո ձևավորվել էր աշխատանքային խումբ, որը զբաղվում էր այդ հարցերով, և համակարգումը հիմնականում իրականացնում էր վարչապետի խորհրդական, անցումային արդարադատության փորձագետ Նիկոլայ Բաղդասարյանը: Եվ հիմա լինելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր` Բաղդասարյանն արդեն համակարգելու է լայն խմբի ստեղծման աշխատանքները: 

Նշենք, որ անցումային արդարադատությունը Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ընթացքում նոր երևույթ չէ։ Արդարադատության նախկին նախարար, ներկայում բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանի դիտարկմամբ՝ անցումային արդարադատության մարմին ստեղծվել է 1990-ականների սկզբին:

Գլխավոր դատախազությունում հիմնվել է «Ռեպրեսիայից տուժած անձանց արդարացնելու և փոխհատուցում տալու հայտերի քննարկման» հանձնաժողովը: Այս կառույցը Պետական անվտանգության կոմիտեից, Ներքին գործերի նախարարությունից և այլ մարմիններից պահանջում էր արխիվային գործերն ու ուսումնասիրության արդյունքներով կազմում եզրակացություն, որն էլ հիմք էր հանդիսանում ԽՍՀՄ տարիներին ապօրինի դատված անձանց արդարացնելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել